Մատչելիության հղումներ

«Իգլա»-ի գործով հետախուզվողին Վրաստանը հանձնել է Հայաստանին


«Իգլա»-ի գործով դատավարությունը Երևանում, արխիվ
«Իգլա»-ի գործով դատավարությունը Երևանում, արխիվ

Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա այս տարվա մարտի 24-ին որոշում է կայացվել նշված արարքների համար Ռոբերտ Աղվանյանին Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ», և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, <...> այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների <...> մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ», որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ԱԱԾ աշխատակիցների և Վրաստանի ներքին գործերի նախարարության Կրիմինալ ոստիկանության Կենտրոնական դեպարտամենտի համագործակցությամբ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում Աղվանյանը մարտի 27-ին հայտնաբերվել է Թբիլիսի քաղաքում: Նրան Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է, և դեկտեմբերի 25-ին նա տեղափոխվել է Հայաստան:

Հիշեցնենք, «Իգլա»-ի գործով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարվա, Արմեն Պողոսյանը՝ 2 տարվա ազատազրկման:

Դատարանը Բաբայանին մեղավոր ճանաչեց, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG