Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան․ հարևան երկրի ղեկավարների հետ բանակցություններում Հայաստանի նախագահը կարևորել է տրանսպորտային ոլորտում համագործակցությունը և երկու երկրների տարանցիկ կարողությունների զարգացումը:
Թբիլիսիում վերջին հանդիպումը Սարգսյանն ունեցել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հայաստանի նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, զրուցակիցները փաստել են «երկու բարեկամ երկրների միջև դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները` այդ համատեքստում նշելով նաև առևտրատնտեսական ոլորտում անցնող տարում հայ-վրացական համագործակցության արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը, ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում»:
Մինչ Վրաստանի վարչապետի հետ առանձնազրույցը՝ այսօր առավոտյան Հայաստանի նախագահը հանդիպել էր նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին ու Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին:
Երեկ Սերժ Սարգսյանին ընդունել էր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Հանդիպումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված ելույթների ժամանակ Մարգվելաշվիլին ասել էր․- «Խոսել ենք հեռանկարային նախագծերի մասին, որոնք ավելի մեծ տնտեսական շահ ու կայունություն կբերեն տարածաշրջանին»:
Ուշագրավ հայտարարություն էր արել Հայաստանի նախագահը: - «Այսօր մենք անդրադարձանք հայ-վրացական ընդլայնվող առևտրատնտեսական օրակարգին, առաջին հերթին կարևորելով ընթացիկ համագործակցության խորացումը այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկան և տրանսպորտը, այդ թվում նաև երկրների տարանցիկ կարողությունների և դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացումը»:
Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհների հարցը, որը Հայաստանի պետական շրջանակների ու գործարար հանրության ուշադրության կենտրոնում է, Թբիլիսիում հայտնվել էր հանրային քննարկումների օրակարգում Սերժ Սարգսյանի այցի նախօրեին, երբ դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Վրաստանն ու շվեյցարական SGS ընկերությունը պայմանագիր ստորագրեցին, ըստ որի այդ ընկերությունը պետք է փաստացի մաքսային ծառայություն մատուցի ու մոնիթորինգ իրականացնի այն բեռնափոխադրումների համար, որոնք Ռուսաստանից Վրաստան և հակառակը կուղղվեն չճանաչված Հարավային Օսիայի տարածքով: Փաստաթուղթը կսկսի աշխատել, երբ շվեյցարական ընկերության հետ այն ստորագրի նաև Ռուսաստանը:
Հնչած քննադատությանն ի պատասխան վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարեց, որ պայմանագիրը բխում է Վրաստանի շահերից, և այդ միջանցքից կօգտվեն, օրինակ, Թուրքիան ու Հայաստանը, երբ առաջանա ֆորսմաժորային իրավիճակ ու «Կազբեգի» - «Վերին Լարս» անցակետերով անցնող ճանապարհը դադարի գործել:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հավանական է համարում, որ առաջիկայում Հայաստանը «Վերին Լարս»-ով անցնող ճանապարհին այլընտրանք կունենա, և հայաստանյան բեռները Ռուսաստան կհոսեն հարավօսական ուղով:
«Գլխավոր առարկությունը նախկինում ուներ Վրաստանը: Եթե հիմա Վրաստանը համաձայնեց, շատ հավանական է, որ Ռուսաստանն էլ կհամաձայնի», - կարծիք հայտնեց փորձագետը:
Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն, այս տարվա առաջին տասը ամիսներին հայ-վրացական առևտուրը կազմել է 198.8 միլիոն դոլար, ինչը 3.9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ի դեպ, այդ ցուցանիշով Վրաստանը Հայաստանի 5-րդ առևտրային գործընկերն է:
Թբիլիսում գործող Քաղաքականության վրաստանյան ինստիտուտի ղեկավար Կոռնելի Կակաչիայի խոսքով, չնայած Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքականությունները միտված են տարբեր նպատակների՝ Թբիլիսիի ցանկանում է ինտեգրվել եվրաատլանտյան համակարգերում, իսկ Երևանը անդամակցել է ԵՏՄ-ին, սակայն դա բացասաբար չի անդրադարձել երկկողմ հարաբերությունների վրա: - «Կարծում եմ, արտաքին քաղաքականությունների մեջ այս տարբերությունը իրականում շատ բան չի փոխել երկկողմ հարաբերություններում, և Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները կարելի է կոչել բարձր մակարդակի վրա գտնվող, որովհետև երկու երկրներն էլ գիտակցում են, որ փոքր պետություններ են՝ շրջապատված կոշտ դիրքորոշում ունեցող հարևաններով, ուստի պետք է աջակցեն միմյանց՝ անկախ նրանից, թե որ նախագծին են նրանք միացել», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Կակաչիան: