Մատչելիության հղումներ

Գործող աշխատանքային օրենսգրքով աշխատավարձի չհարկվող շեմ սահմանված է. Արտեմ Ասատրյան


Միանշանակ է, որ գործող աշխատանքային օրենսգրքով աշխատավարձի չհարկվող շեմ սահմանված է, այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ի պատասխան օգտատերերից մեկի հարցին, թե ինչո՞ւ նախարարությունը չի պայքարում, որպեսզի վերականգնվի աշխատավարձի չհարկվող շեմ ասվածը, «օրինակ, այն անձինք, ովքեր ստանում են այնքան աշխատավարձ, որը հավասար է նվազագույն սպառողական զամբյուղին, այսինքն՝ սովից չմեռնելուն, դա չհարկվի, որը կբերի թե՛ աշխատողների գրանցման թվի բարձրացման, թե՛ սոցիալական բարելավումներին»։

Նախարարը նշեց. - «Գործող աշխատանքային օրենսգրքով սահմանված է նվազագույն աշխատավարձ, որպես տնօրինվող եկամուտ, որը ենթադրում է, որ դրա մեջ չեն ներառվում հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները։ Դա նշանակում է, որ գործատուն վճարում է անվանական այնքան աշխատավարձ, դա մոտավորապես 73 հազար դրամի, եթե մասնակցում է նաև կուտակային համակարգին, մոտ 79 հազար դրամի կարգի է, որպեսզի 55 հազար դրամը դա մաքուր որպես եկամուտ վճարվի աշխատակցին։ Հետևաբար հենց բուն նվազագույն աշխատավարձը պահպանվում է»։

«Այսօր ունենք 180 հազարից ավելի մասնակիցներ կուտակային համակարգում»

«Կարծում եմ, որ 2018 թվականի հուլիսից լիարժեք ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային օրենքի տրամաբանությունը, այս ընթացքում իրականացված աշխատանքի արդյունքները գնահատել է պետք։ Մենք պետք է փաստենք, որ այսօր ունենք 180 հազարից ավելի մասնակիցներ կուտակային համակարգում, որի շուրջ 70 հազարը պետական համակարգի աշխատակիցներ և 110 հազարից ավելին ոչ-պետական համակարգի աշխատակիցներ, առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող կամավոր միացած և այլն, և եթե վերցնենք այս երեք-չորս տարիների աշխատանքը, տարեկան շուրջ 13 տոկոս եկամտաբերությամբ այդ գումարներն աշխատել են ի օգուտ քաղաքացիների, և գումարային հաշվարկով, եթե դիտարկենք փայի արժեքը 1000 դրամից նախնական՝ երբ առաջին անգամ համակարգը ներդրվել է, 1000 դրամից դարձել է 1450 դրամ, այսինքն՝ շուրջ 45 տոկոս աճել է փայի արժեքը, իսկ դա նշանակում է ուղիղ մեր աշխատող քաղաքացիների՝ վաղվա կենսաթոշակառուների, խնայողությունների ավելացում, կուտակում, որից վաղը կենսաթոշակ պիտի ստանանք։ Այս իմաստով կարծում եմ, որ համակարգն այս ընթացքում արդյունավետ աշխատել է», - ասաց նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG