«Ռուսաստանի սպորտի վրա հարձակվում են»
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Վիտալի Մուտկոն միառժամանակ սառեցրել է իր աշխատանքը Ռուսաստանյան ֆուտբոլային միության (ՌԴ ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական անվանումն է) նախագահի պաշտոնում:
Նա հայտարարել է, որ այդ որոշումն ընդունել է դոպինգային սկանդալների կապակցությամբ հարուցված դատական գործընթացներում իր «անունը պաշտպանելու նպատակով»:
Մուտկոն կես տարով է սառեցնում նախագահությունը, այդ ընթացքում Ռուսաստանյան ֆուտբոլային միության ղեկավարի պարտականությունները կատարելու է ՌՖՄ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ալաևը:
Մուտկոն երեկ ասել է, թե միության գործադիր կոմիտեին դիմել է շատ կարևոր հարցով և ահազանգել է «ռուսաստանյան սպորտի վրա անդադար հարձակումների մասին»:
«Հրաժարական չեմ ներկայացնում»
«Հաշվի առնելով դատական գործերի բերումով կարճ ժամանակով աշխատանքային պարտավորությունները կատարելու անհնարինությունը և Ռուսաստանյան ֆուտբոլային միության հանգիստ գործունեության կարևորությունը, ես գործկոմին խնդրել եմ մինչև կես տարի ժամկետով դադարեցնել լիազորություններս»,- ասել է Մուտկոն և հավելել.- «Հրաժարական չեմ ներկայացնում, մանդատս գործում է մինչև 2020 թվականը»:
Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն վերջերս ցկյանս արգելել է Մուտկոյին ներկա լինել Օլիմպիադաներում:
Անունը կպաշտպանի Լոզանի դատարանում
Սեմուել Շմիդտի ղեկավարած ՄՕԿ-ի հանձնախումբը վճռել է, որ Սոչիի Ձմեռային օլիմպիադայի անցկացման ընթացքում, երբ Մուտկոն զբաղեցրել է սպորտի նախարարի պաշտոնը, Ռուսաստանում համատարած և համակարգված խթանիչներ են օգտագործվել և կեղծվել են դոպինգ-անալիզների արդյունքները:
Մուտկոն ասել է, թե չի կարող ընդունել Սոչիի վերաբերյալ մեղադրանքը և որոշել է կես տարով ազատել Ռուսաստանյան ֆուտբոլային միության նախագահությունը Լոզանում գտնվող սպորտային արբիտրաժային միջազգային դատարանում իր անմեղությունն ապացուցելու համար:
«Եթե նախագահն ու վարչապետը վստահում են...»
Վիտալի Մուտկոն, որի անունը կապվում է Ռուսաստանում սպորտային գրեթե բոլոր սկանդալների հետ, երեկ երեկոյան պնդել է, թե շարունակելու է նախագահել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեն, սակայն չի բացառել, որ ի վերջո կարող է նաև այդ պաշտոնից հեռանալ: Հարցի լուծումն, ըստ նրա, վերապահվում է երկրի ղեկավարներին:
«Ինչ վերաբերում է կազմկոմիտեին և ՖԻՖԱ-ի հետ համագործակցելուն, ես էլ եմ այդ մասին մտածում, բայց կարող եմ ասել հետևյալը՝ քանի դեռ նախագահն ու վարչապետն ինձ վստահում են, ես շարունակելու եմ աշխատանքս որպես փոխվարչապետ, շարունակելու եմ համակարգել աշխարհի առաջնությանը պատրաստվելու գործընթացը, հսկել երաշխիքները, որոնք տվել է Ռուսաստանի պետությունը, և աշխատելու ենք գործընկերների հետ»,- ասել է Վիտալի Մուտկոն:
Դիպլոմային թեզի վերնագիրը՝ մարգարեությո՞ւն
Ի դեպ, հեռավոր 1999 թվականին, զբաղեցնելով Սանկտ Պետերբուրգի առաջատար ֆուտբոլային ակումբի՝ «Զենիթի» նախագահի պաշտոնը, Մուտկոն պաշտպանել է խիստ ուշագրավ դիպլոմային թեզ՝ «Ծառայողական հանցագործությունները մարզական միջոցառումների օրինակով»: