Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները նախարարության համապատասխան վարչությունների պատասխանատուների հետ շարունակել են քննարկումները կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի որոշ դրույթների շուրջ։
Ըստ հաղորդագրության, նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց գրավոր առաջարկությունները՝ ընդգծելով, որ հիմնական, սկզբունքային տարաձայնությունն աջ ղեկով մեքենաների հաշվառման արգելքին է վերաբերում։
«Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին տրվեցին պարզաբանումներ։ Նախաձեռնող խմբի գրավոր առաջարկները կքննարկվեն նախագիծը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ։ Արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը և «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, կառավարությունը իրավական ակտերի, նախագծերի միասնական e-draft.am կայքում քննարկման է դրել որոշումների փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում՝ նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում, թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, «սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը»:
Վարորդները բողոքում են, որ նախարարությունը չի հիմնավորել պնդումը, թե աջ ղեկով մեքենաները խոչընդոտում են անվտանգ երթևեկությունը:
Անցած շաբաթավերջին Երևանում բողոքի ավտոերթ էր անցկացվել, «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին ընդունել էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը: