Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Թբիլիսիում հանդիպում է Վրաստանի ղեկավարների հետ


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դիմավորում է պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, 25-ը դեկտեմբերի, 2017թ․
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դիմավորում է պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, 25-ը դեկտեմբերի, 2017թ․

Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան: Այսօր կայացել է Հայաստանի ղեկավարի ու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը:

Վրաստանի վարչապետի գրաենյակի տարածած հաղորդագրության համաձայն, ողջունելով Սարգսյանին՝ Կվիրիկաշվիլին նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները միշտ եղել են ջերմ ու բարիդրացիական և այսօր էլ շարունակում են այդպիսին մնալ:

Ի պատասխան՝ Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպումը բացառապես դրական ազդեցություն կունենա վերելք ապրող երկկողմ հարաբերությունների վրա:

Թբիլիսի այցի երկրորդ օրը՝ այսօր առավոտյան, Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Երեկ Հայաստանի նախագահին ընդունել էր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Հանդիպումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված հայտարարությունների ժամանակ Սարգսյանը, մասնավորապես, նշել է․ - «Այսօր մենք անդրադարձանք մեր ընդլայնվող առևտրատնտեսական օրակարգին, առաջին հերթին կարևորելով ընթացիկ համագործակցության խորացումը այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկան և տրանսպորտը, այդ թվում, իհարկե, մեր երկրների տարանցիկ կարողությունների և դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացումը»:

Իր հերթին, Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ խոսել են հեռանկարային նախագծերի մասին, որոնք ավելի մեծ տնտեսական շահ ու կայունություն կբերեն տարածաշրջանին:

Վերլուծաբան Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ակնհայտ է, որ վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները սկսել են ավելի կարևորել հայ-վրացական հարաբերությունները:

«Մերոնք հիշեցին, որ Վրաստանը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ հասկանում են, որ կարևոր է, ընդհանուր սահման ունենք, նաև՝ ԵԱՏՄ-ի անհաջողություններից հետո, էդ՝ առաջինը: Լավ է, որ տրանսպորտի մասին են խոսում, էներգետիկայի մասին են խոսում, ակնհայտ է՝ Վրաստանը և Հայաստանը կարող են լինել տարանցիկ երկրներ և՛ նավթի, և՛ գազի համար, և՛ միմյանց համար, և՛ աշխարհի համար, Եվրոպայի համար: Օրինակ՝ նավթը և գազը Իրանի տեղափոխել դեպի Եվրոպա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

«Մենք կարող ենք տարանցիկ լինել ու ինչ-որ չափով էսօր կանք՝ էլեկտրաէներգիան փոխանցելով իրար հարևան երկրներին», - նշեց վերլուծաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG