Ընդամենը 6 ամիս Հայաստանի ավիաշուկայում աշխատելուց հետո Գյումրիում տեղակայված «Տարոն-Ավիա» ավիաընկերության տնօրենը հայտարարում է՝ աշխատելը ձեռնտու չէ։ Հունվարի 1-ից հայկական ավիաընկերությունը դադարեցնում է իր բոլոր չվերթերը Մոսկվա և Կրասնոդար ուղղություններով:
Ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ աշխատանքը կվերսկսեն գարնանը: Պապիկյանը նշեց, որ չվերթերը դադարեցնելու պատճառները երկուսն են՝ նա՛խ սեզոնային, քանի որ այս ամիսներին ուղևորահոսքը քիչ է, մյուսն էլ՝ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը, որը մինչև հայկական ավիաընկերության հայտնվելը «Շիրակ» օդանավակայանից շաբաթական 3 չվերթ էր իրականացնում Գյումրի - Մոսկվա ուղղությամբ, իսկ հիմա թռիչքները դարձրել է ամենօրյա՝ զգալիորեն նվազեցնելով նաև ավիատոմսերի գները:
Պապիկյանի խոսքով՝ քանի որ «Պոբեդան» թռիչքներն ավելացրել է, ստիպված իրենք են պակասեցնում դրանք: Նրա կարծիքով ամենօրյա թռիչքներ իրականացնելու ռուսաստանյան ընկերության որոշման պատճառը նաև «Տարոն-Ավիայի» մուտքն է շուկա։
Ավելի վաղ Գյումրիում գործող «Արմիտուր» ավիագործակալության ներկայացուցիչը «Ազատության» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ «Պոբեդան» դեմպինգի քաղաքականություն է վարում՝ փորձելով սնանկացնել կամ խաղից դուրս թողնել «Տարոն-Ավիա»-ին: Դուբայից բիզնեսը Գյումրի տեղափոխած հայկական ավիաընկերության տնօրենը հարցազրույցում թեև բառերը զգուշությամբ էր ընտրում, բայց ասաց, որ այն, ինչ հիմա կատարվում է՝ «Իր ձևով դեմպինգ է «Տարոն-Ավիա»-ի նկատմամբ»։
Ավիացիոն ոլորտը վերահսկող պետական մարմնում ստեղծված իրավիճակը նորմալ, մրցակցային են համարում։ Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝ այստեղ դեմպինգ չկա։ - «Նորմալ է օրը 7 անգամ չվերթեր իրականացնել, որովհետև մեր խնդիրը այս պահին Գյումրիի օդանավակայանի աշխուժացումն է, ակտիվացումն է, և Գյումրի քաղաք հնարավորինս հյուրերի շատ քանակ ընդունելը: Ավիացիոն աշխարհում հունվար և փետրվար ամիսը, մեր երկրի իմաստով, ամենացածր սեզոնն է և մշտապես ավիաընկերությունները ունենում են բեռնվածության խնդիր: «Տարոն-Ավիայի» որոշումը՝ չեղարկել չվերթերը այս երկու ամսվա ընթացքում, պայմանավորված է դրանով»:
Ճշտող հարցին՝ վստա՞հ է արդյոք, որ հայկական ավիաընկերությունը գարնանը կվերսկսի չվերթերը՝ Ավետիսյանը պատասխանեց՝ իրենց ունեցած պաշտոնական տեղեկատվությամբ՝ այո։
Գյումրիի ավիագործակալություններից ճշտեցինք նաև տոմսերի գները։ «Տարոն-Ավիայի» դեկտեմբերի 29-ի չվերթն, օրինակ, 39 հազար դրամ արժե, որը ներառում է 32 կգ ուղեբեռի թույլատրում։ Նույն օրը «Պոբեդայի» տոմսը արժե 42 հազար դրամ՝ 5 կիլոգրամ ուղեբեռի թույլտվությամբ։
«Տարոն-Ավիա»-ի սեփականատիրոջ խոսքով, մրցակցության հիմնական խնդիրներից է նաև այն, որ Ռուսաստանում ռուսական ավիաընկերության համար սպասարկման ծախսերը 3 անգամ ավելի էժան են, քան իրենց համար, իսկ Հայաստանում և՛ իրենց, և՛ ռուսական ընկերությունները նույն գնով են սպասարկվում։
Հայկական «Տարոն-Ավիա»-ի մրցակից «Պոբեդա» ավիաընկերությունը Ռուսաստանի 10 խոշորագույն ավիաընկերություններից մեկն է ճանաչվել։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ 2018 թվականին նախատեսում են ինքնաթիռների թիվը հասցնել 40-ի: «Պոբեդան» պատկանում է ռուսական խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերությանը։
«Տարոն-Ավիա»-ի սեփականատերը ասաց, որ իրենց խնդիրների մասին զրուցել է նաև պաշտոնյաների հետ, աջակցության խոստումներ են ստացել:
Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, մինչդեռ, ասում է, որ հաջորդ տարի Գյումրիի օդանավակայանում ուղևորահոսքի աճ են կանխատեսում: Նա ձեռքբերումների շարքում թվեց նաև «Պոբեդա» ընկերության կողմից թռիչքների ավելացումը, իսկ «Տարոն-Ավիայի» հետ կապված՝ ասաց, որ ընկերությանը այս փուլում դատարկ օդանավ տեղափոխելը ձեռնտու չէ՝ «հունվար և փետրվար ամիսներին ցածր պահանջարկ ունենալու պատճառով»:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Ազատությանը» փոխանցեցին, որ Գյումրիի օդանավակայանում ստեղծված իրավիճակով չեն զբաղվում, քանի որ մրցակցային որևէ խնդրի մասին բողոք չունեն։
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը այսօր ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, որ Գյումրիի օդանավակայանում այս տարի 100 հազար ուղևորահոսք է եղել։ Իսկ երկրի ընդհանուր ուղևորահոսքը հատել է 2.5 միլիոնի շեմը, ինչը նախորդ տարվա համեմատ 21 տոկոսով ավելի է։ 30 տոկոսով աճել են բեռնափոխադրումները։ Տարվա ընթացքում մի քանի նոր չվերթեր են բացվել, հաջորդ տարի էլ «Արմենիա» ավիաընկերությունն է նախատեսում դեպի Լիոն և Քյոլն չվերթեր սկսել։
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը նաև արձանագրեց, որ արդեն վաղվանից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ «Թուրքմենական ավիաուղիները» Աշխաբադից Երևանով տարանցիկ չվերթ կիրականացնեն դեպի Ֆրանկֆուրտ։