Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» դատն անցավ լարված մթնոլորտում, Մարտիրոս Հակոբյանը հեռացվեց դահլիճից


«Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների այսօրվա դատավարության ժամանակ դատավորը մեղադրյալ Մարտիրոս Հակոբյանին երեք ժամով հեռացրեց նիստերի դահլիճից՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, մասնավորապես դատախազների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։

Դատավոր Արթուր Օհանյանը, միևնույն ժամանակ, նախազգուշական սանկցիա կիրառեց մեղադրող դատախազներ Արթուր Չախոյանի և Հակոբ Ենոքյանի նկատմամբ։

«Սասնա ծռերի» գործով դատավարությունների ժամանակ հաճախ են կրկնվում նման միջադեպերը, երբ մեղադրյալներն ու դատախազները միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցնում։ Միջադեպի այսօրվա առիթը մեղադրանքի հիմքում դրված ապացույցների հրապարակումն էր, որոնց մեջ տեղ էին գտել մեղադրյալներից առգրավված հագուստի մասին տեղեկություններ։ Շենք-շինություններ գրավելու և պատանդ վերցնելու մեջ մեղադրվող Մարտիրոս Հակոբյանը նշեց, որ որոշ հարցեր իրեն հասկանալի չեն, դատախազ Հակոբ Ենոքյանն էլ հակադարձեց, թե անհասկանալի բան չկա։ Դատախազի այս խոսքերը հարուցեցին մեղադրյալի զայրույթը։ Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանին դա զայրացրեց, նա հայտարարեց, թե որոշ բաներ անհասկանալի են, ինչին հետևեց մեղադրող դատախազների արձագանքը, թե՝ անհասկանալի բան այստեղ չկա: Ի պատասխան Մարտիրոս Հակոբյանը ափերից դուրս եկավ և վիրավորանքներ հնչեցրեց դատախազների հասցեին: Դատախազները պատասխան վիրավորանքներ հնչեցրեցին:

Դատախազների վարքագիծը քննադատող հայտարարությամբ հանդես եկավ ՊՊԾ գունդը գրավելու, պատանդ պահելու, խոշոր չափի գումար հափշտակելու մեջ մեղադրվող Վարդան Գերավետյանը։ Պնդեց, որ իրենք ըմբոստացել են՝ համաձայն չլինելով ղարաբաղյան հարցում իշխանությունների վարած քաղաքականության, մասնավորապես, ըստ իրեն, «հող հանձնելու ցանկության» հետ: - «Մեր բոլոր գործողությունները հիմնավորված են նրանով, որ մենք համաձայն չենք հայկական հողեր հանձնելուն», - հայտարարեց նա:

Ապացույցների հրապարակման ժամանակ մեղադրյալ Արամ Հակոբյանը հայտարարեց, թե դրանց մեջ բացակայում են որոշ տեղեկություններ։ Նշեց, որ իրենց և ոստիկանների միջև իրականում փոխհրաձգություն չի եղել։ - «Այնտեղ գրված էր, որ փոխհրաձգության ժամանակ վնասազերծվել են այսինչ, այնինչ մարդիկ: Հստակ, ես նորից հայտարարում եմ, պնդում եմ, որ ոչ մի անգամ ոչ մի փոխհրաձգություն չի եղել, ոչ մի կրակոց, համենայնդեպս մեր կողմից, չի արձակվել: Նրանք սառնասրտորեն գնդակահարել են խաղաղ մարդկանց, նույնիսկ մարդկանց, ովքեր ջուր խմելու ընթացքում են եղել, հանգիստ կանգնած են եղել, անզեն են եղել: Ուղղակի գազանաբար, դաժանաբար, բառիս բուն իմաստով գնդակահարել են», - պնդեց նա:

«Սասնա ծռերի» փաստաբաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Արթուր Օհանյանին՝ իրենց գործընկեր, փաստաբան Հայարփի Սարգսյանի նկատմամբ, իրենց գնահատմամբ, անաչառ չգտնվելու համար։ Վերջինս փորձում էր իր պաշտպանյալ Հովհաննես Հարությունյանի մասին հայտարարություն անել, սակայն դատավորը նրան թույլ չտվեց դա անել:

Այսօրվա դատական նիստի վերջում դատարան բերվեց սկզբում երեք ժամով հեռացված մեղադրյալ Մարտիրոս Հակոբյանը։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG