Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Թբիլիսիում հանդիպել է Իլյա երկրորդի հետ


Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան, մինչ արարողակարգով նախատեսված երկկողմ հանդիպումները, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Թբիլիսիում այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, որից հետո մեկնել է Հերոսների հրապարակ` ծաղկեպսակ դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանն այնուհետև հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա երկրորդի հետ:

Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհավորել է Իլյա երկրորդին Կաթողիկոս-Պատրիարքի գահակալման 40-ամյակի առթիվ` ընդգծելով, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նրա կողմից շատ մեծ աշխատանք է իրականացվել Վրաց Ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքին` հայ և վրացի ժողովուրդների բարեկամության համար նրա աղոթքների համար:

Սերժ Սարգսյանը և Իլյա երկրորդը երկուստեք կարևորել են պետության և եկեղեցու միջև հարաբերությունները:

Հանրապետության նախագահը հայ ժողովրդի կյանքում մեծապես կարևորել է Հայոց եկեղեցու դերը` հատկապես պետականության բացակայության ժամանակաշրջանում, երբ եկեղեցին դժվարին իրավիճակներում փոխարինել է պետությանը՝ ամուր պահելով հավատքն ու պահպանելով ազգի ինքնությունը:

Ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ կապված են դարավոր բարեկամությամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ բարեկամության ավանդույթները կառուցված են քրիստոնեական և մշակութային ընդհանուր արժեքների և պատմության ամուր հիմքի վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա երկրորդը երկուստեք կարևորել են Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ժամանակ հանրապետության նախագահը Կաթողիկոս-Պատրիարքին ներկայացրել է իր պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Մարգվելաշվիլիի հետ երեկ ունեցած հանդիպման արդյունքները` գոհունակությամբ նշելով կայացած արդյունավետ քննարկումները և ձեռքբերված պայմանավորվածությունները:

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա երկրորդը Սերժ Սարգսյանին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG