Վաղը՝ ժամը 13։00-ին թուրքմենական ավիաուղիներն առաջին չվերթը կիրականացնեն Աշգաբատ-Երևան։ Այդ մասին այսօր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
«Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում չվերթ իրականացվելու է այսպես կոչված օդի ազատության հինգերորդ իրավունքի օգտագործմամբ, մասնավորապես՝ չվերթը շարունակվելու է դեպի Ֆրանկֆուրտ, փաստորեն՝ չվերթը լինելու է Աշգաբատ-Երևան, Երևան-Ֆրանկֆուրտ, այնուհետև Ֆրանկֆուրտ-Երևան, Երևան-Աշգաբատ։ Շաբաթական դեռևս մեկ անգամ։ Եթե չվերթը լինի պահանջված, կարծում եմ, հնարավորություն կա նաև չվերթների ավելացման», - ասաց վարչության պետը։