ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանի հայտնվելը Հայաստանի կառավարության քաղաքական համբավի վրա բացասաբար կարող է ազդել։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը։
Քաղաքագետը նշեց՝ պետք է հասկանալ, որ Միացյալ Նահանգները սև ցուցակի մեջ ընդգրկում է բիզնեսմենների ոչ թե վիզա չստանալու կամ չսիրելու համար, այլ դա նշանակում է, որ ԱՄՆ-ը հետևում է այդ մարդկանց գումարների ծագմանը, ներդրումներին, տեղաշարժին։
«Այն բոլոր կազմակերպությունները կամ ձեռնարկությունները, որոնք այս փողերի հետ են կապված՝ այս կամ այն ձևով առնչություն ունեն, նրանք պրոբլեմներ կունենան։ Ես մի օրինակ բերեմ՝ ենթադրենք, կառավարությունը ողջունում է ցանկացած գումար Հայաստան բերելը, կառավարության նոր խոսնակը, որ ինչ-որ նոր բաներ ասեց, որ ընդունում են ցանկացած գումար, բայց պատկերացրեք՝ այս մարդու գումարներով այստեղ կա՛մ ձեռնարկություն բացվի, կա՛մ համատեղ արտադրանք, և այս արտադրանքն այս կամ այն ձևով պետք է դուրս գա Հայաստանից, հատկապես քաղաքակիրթ երկրներ, հատկապես GSP+ համակարգում, պարզ է, որ խնդիրներ կունենանք։ Եթե վերադառնանք զուտ վնասներին՝ Հայաստանի կառավարության քաղաքական համբավի հետ կապված, ապա պարզ է, որ դա բացասական է», - ընդգծեց Իգիթյանը։
Քաղաքագետի համոզմամբ, մինչև պատժամիջոցների ցանկում ընդգրկելու հանգամանքների ճշտումը Հայաստանի կառավարությունը պետք է հետ կանչի Թաթուլյանի դիվանագիտական անձնագիրը։
«Այդպես պետք է լիներ, եթե, նորից եմ կրկնում, եթե այդ խնդիրը եղավ, և այդ մարդն առնչություն ունեցել է կառավարությանը կից ինչ-որ բանի հետ, պետք է դուրս գա, դադարեցվի և դիվանագիտական անձնագիրը չօգտագործվի», - ասաց քաղաքագետը։
Հարցին, թե Հայաստանը պե՞տք է ընտրողաբար վերաբերվի ներդրումներին, օրինակ՝ եթե Թաթուլյանը որոշի ներդրումներ անել, արդյո՞ք Հայաստանի իշխանությունը պետք է զգուշավոր գտնվի և հրաժարվի այդ գումարներից, Իգիթյանը պատասխանեց. - «Եթե Հայաստանը լուրջ է վերաբերում այդ համաձայնագրին, որը որ մենք կնքեցինք Եվրամիության հետ, որտեղ որ անընդհատ նշված է, որ Հայաստանն իր գործունեությունը, իր օրենսդրությունը և ընդհանրապես մթնոլորտը կապում է եվրոպական չափանիշների հետ, ուրեմն մենք պետք է նաև ընդգրկենք դա՝ այս հանգամանքը, թե գումարի ծագումը որտե՞ղ է։ Գիտեք հա այդ հայտնի ցուցակը, որտեղ որ 17 սև երկրներ կան, որտեղ հիմնականում օֆշորների գումարներ լվանալու երկրներն են, Հայաստանը գտնվում է 45 թե 46 երկրների ցանկում, որտեղ որ այդպես լրիվ բաց ձևով հնարավոր չէ անել, բայց մեկ-երկու այդպիսի ներդրում՝ կիսակրիմինալ, կամ ինչու չէ, նաև կրիմինալ գումարներով, ապա Հայաստանը կհայտնվի սև ցուցակում»։
Հիշեցնեն՝ օրերս ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ սահմանեց ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ։ Ցուցակում ներառվել է նաև հայազգի սոչիաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի անունը, ով հայտնի է «Ռոբսոն» մականունով և Հայաստանի վարչապետին տարեսկզբին աջակցություն հայտնած գործարարներից է, ովքեր հայտարարել էին, որ աջակցելու են Կարեն Կարապետյանին՝ Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու գործում»:
Պատժամիջոցների ցանկում են նաև սոչիաբնակ գործարարին պատկանող «Վեսնա» հյուրանոցը և Մոսկվայում գրանցված «Նովիյ Վեկ Մեդիա» ընկերությունը։
«Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում։ 2010-ին նա նշանակվել է Սոչիի «նայող»։ Նա և Զախարի Կալաշովը ձերբակալվել էին 2015 թվականին, Սոչիում` քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ։ Բացի այդ, նա մի քանի անգամ օգնել է օրենքի հետ խնդիրներ ունեցող «օրենքով գողի»», - նշված է OFAC-ի հաղորդագրությունում։
Նշենք, որ Ռուբեն Թաթուլյանը ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի։ Այս տարվա մայիսին Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ դիվանագիտական անձնագիրը նրան տրվել է «օրենքով սահմանված կարգով»։
Իսկ երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսնակը հայտարարեց, որ Թաթուլյանը չի հանդիսանում «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ։