Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Իմ կարծիքով, վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները


Բարձր եմ գնահատում Վրաստանի նախագահի հետ մեր արդյունավետ բանակցությունները, որոնք, վստահ եմ, նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո։

ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների վարչության տարածած հաղորդագրության համաձայն, իր ելույթում արձանագրելով, որ հայ֊վրացական երկկողմ օրակարգում բազմաթիվ հեռանկարային ծրագրեր կան, Սերժ Սարգսյանը վերահաստատել է բարեկամության, փոխըմբռնման և ներդաշնակության ոգով Վրաստանի հետ առկա համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։

«Այսօր մենք անդրադարձանք մեր ընդլայնվող առևտրատնտեսական օրակարգին՝ առաջին հերթին կարևորելով ընթացիկ համագործակցության խորացումը այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը, այդ թվում նաև իհարկե մեր երկրների տարանցիկ կարողությունների և դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացումը: Խոսեցինք զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացման մասին՝ հաշվի առնելով այստեղ առկա մեծ ներուժը», ֊ մանրամասնել է Հայաստանի նախագահը։ ֊ «Մեր հանդիպման օրակարգում էին նաև համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, և ես պարոն նախագահին ասացի, որ, իմ կարծիքով, վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների առկայությունը և իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար: Այս առումով ցանկացած գրանցված ընկերություն Հայաստանում կարող է ուղղակի շատ օգտակար լինել: Հատկապես ուզում եմ շեշտել Իրանի սահմանին ստեղծված նոր ազատ տնտեսական գոտին, որը շատ մեծ հնարավորություն կտա նաև վրացական ապրանքներն ու ծառայություններն արտահանել մեկ այլ վճարունակ շուկա՝ Իրանի Իսլամական Հանրապետություն»։

Երկու նախագահները նաև քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը։ ֊ «Այս համատեքստում կարևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական մոտեցումների պահպանումը: Մենք միակարծիք ենք, որ հակամարտությունների համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում և միայն ու միայն բանակցությունների միջոցով», ֊ նշել է Սերժ Սարգսյանը։

«Մեզ համար օրենք է, և ես սա ասում եմ անկեղծությամբ, մենք մեր բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ջանք ենք գործադրում ստանալ այնպիսի փաստաթղթեր, այնպիսի հայտարարություններ, բանաձևեր, որոնք որևէ կերպ չեն վնասում Վրաստանի շահերին և կարծում եմ, որ և՛ հայկական կողմից, և՛ վրացական կողմից այսպիսի դիրքորոշման պահպանումը միայն ու միայն օգուտ կարող է բերել մեր ժողովուրդներին», ֊ ընդգծել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG