Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցներն այսօր առավոտյան տարհանվել էին: Բակում հավաքված ուսանողներն ու աշխատակիցներն ասացին՝ տեղեկություն ունեն որ համալսարանի բակում տեղադրված տոնածառի տակ ռումբ է տեղադրված:
Ավելի վաղ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ համալսարանի մաքրուհին տոնածառի տակ կասկածելի արկղ է նկատել: Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության ու ոստիկանության աշխատակիցները հենց համալսարանում փորձաքննության են ենթարկել արկղը: Ավելի ուշ պարզվել է, որ նվերի տեսքով փաթեթավորված փոքրիկ գունավոր արկղում եղել են 4 հատ ճայթուկ և անհայտ ծագման հեղուկով լի 3 շիշ: Տուփի վրա գրված է եղել՝ Գալստյանին: Ի դեպ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի նունը Գագիկ է, ազգանունը՝ Գալստյան:
ԱԻՆ-ից հայտնում են՝ հայտնաբերված առարկաներն ուղարկվել են փորձաքննության: Թե ո՞վ է պայթուցիկներով լի արկղի հեղինակը՝ իրավապահներն առայժմ չեն հայտնում: