Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդը հպատակներին դիմել է սուրբծննդյան ուղերձով, որի առանցքային բաժինը նվիրված էր Կատալոնիայի խնդրին:
Թագավորն, ով Իսպանիայի սահմանադրությամբ ունի հիմնականում արարողակարգային լիազորություններ, բայցև համարվում է երկրի միասնության և ժողովրդի համերաշխության խորհրդանիշը, ասել է, որ Կատալոնիայի նորընտիր ղեկավարները պարտավոր են հարգել բազմակարծությունը և գործել պատասխանատվությամբ ու հանուն ընդհանուր շահերի:
Դեկտեմբերի 21-ին կատալոնացիների մեծամասնությունը Ժեներալիտետի՝ երկրամասի խորհրդարանի արտահերթ ընտրություններով աջակցություն է հայտնել անկախության գաղափարն առաջ տանող կուսակցություններին [Ժեներալիտետի մաս են կազմում խորհրդարանը, նախագահը և գործադիր խորհուրդը]:
Ֆելիպեն նշել է, որ ավարտին մոտեցող 2017 թվականն Իսպանիայի համար բարդ տարի էր ու դժվար հարցերի շարքում առաջինն, իհարկե, Կատալոնիայի իրավիճակն էր:
Բայց 2017-ը նաև տարի էր, որի ընթացքում իսպանացիներն ապացուցել են հավատարմությունը համատեղ ջանքերով կերտած դեմոկրատիային և վճռական պահերին համերաշխ գործելու ունակությունը:
«Մի քանի օր առաջ Կատալոնիայի քաղաքացիներն ընտրել են իրենց ներկայացուցչական մարմինը՝ խորհրդարանը, որը հիմա պարտավոր է լուծել բոլոր կատալոնացիներին հուզող հարցերը: Ճանապարհը, որը կընտրվի, չպետք է նորից տանի դեպի առճակատում կամ օտարացում: Մենք արդեն գիտենք, որ այդպիսի ճանապարհն առաջացնում է անհամաձայնություն, անորոշություն, տկարացում, հիասթափություն, հանրության բարոյական, քաղաքացիական, և, իհարկե, տնտեսական ընդհանուր թշվառացում», - ասել է 49-ամյա թագավորը:
Ֆելիպեի համոզմամբ, դրա փոխարեն հարկ է ընտրել ճանապարհ, որը կապահովի կատալոնական հանրության համերաշխությունը, այնպիսի բազմազանություն և բազմակարծություն, որը կվերականգնի անդորրը, կայունությունն ու փոխադարձ հարգանքը, և թույլ չի տա, որ տարբեր գաղափարները պառակտեն ընտանիքներն ու բարեկամներին:
Ավանդույթի համաձայն, թագավորը սուրբծննդյան ուղերձի ավարտին հպատակներին շնորհավորել է Կաստիլիայի բարբառով, բասկերեն, կատալոներեն և գալիսերեն լեզուներով:
Ենթադրաբար 2018 թվականի հունվարի 6-ից հետո, երբ կավարտվի ամանորյա արձակուրդը, Կատալոնիայի նորընտիր խորհրդարան ընտրված քաղաքական ուժերը կսկսեն բանակցությունները նոր կառավարության կազմի շուրջ: Մինչև փետրվարի 8-ը Ժեներալիտետը պետք է հաստատի կառավարության կազմը:
Մադրիդի որոշմամբ, պաշտոնանկ արված և ապստամբություն ծրագրելու մեջ մեղադրվող Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուջդեմոնը, ով տակավին գտնվում է Բրյուսելում, հայտարարել է, թե պատրաստ է վերադառնալ Բարսելոնա և ստանձնել Ժեներալիտետի ղեկավարումը:
«Ես ցանկանում եմ հենց հիմա վերադառնալ, վերադարձս լավ լուր կլիներ ոչ միայն իմ, կամ ընտանիքիս, կամ Կատալոնիայի, այլև Իսպանիայի համար: Դա լավ լուր կլիներ իսպանական դեմոկրատիայի և Իսպանիայի կառավարության վճռով ընդհատված դեմոկրատական օրինականության համար», - հայտարարել է Պուջդեմոնը:
Վարչապետ Մարիանո Ռախոյը, ով հրաժարվել է ճանաչել Կատալոնիայում հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեն և սառեցրել է երկրամասի իշխանության լիազորությունները, դեկտեմբերի 21-ի ընտրություններից հետո արդեն մի քանի անգամ հայտնել է, որ պատրաստ է բանակցել երկրամասի ղեկավարների հետ՝ «հարցը բացառապես Իսպանիայի սահմանադրության շրջանակներում կարգավորելու համար»:
Սակայն Ռախոյն ընդգծել է, որ բանակցությունները կատալոնացիների հետ տեղի կունենան միայն այն բանից հետո, երբ Ժեներալիտետը կհաստատի կառավարության նոր կազմը, ընդ որում, վարչապետը Պուջդեմոնի անունը սկզբունքորեն չի նշել: