Մատչելիության հղումներ

ՌԴ հայ գործարարները հայտարարություն են ընդունել ՀՀ կառավարության բիզնես ծրագրերին մասնակցելու վերաբերյալ


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում է ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ, 25-ը հունվարի, 2017թ․
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում է ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ, 25-ը հունվարի, 2017թ․

Ռուսաստանում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչներին։

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության 100-օրյա գործունեության ամփոփումը, ինչպես նաև իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ հատկանշելով ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված կոնկրետ քայլերը։ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ թե՛ արտաքին, թե։ ներքին ներդրողների համար կառավարությունը կապահովի թափանցիկ, հավասար, մրցակցային պայմաններ՝ Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Միաժամանակ, գործարար համայնքին են ներկայացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ, որոնք ուղղված են տնտեսության առաջնային ոլորտների զարգացմանը։

Հանդիպման արդյունքում ռուսաստանաբնակ երեք տասնյակից ավելի հայազգի գործարարներ հայտարարություն են ընդունել՝ Հայաստանի կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։

Հայտարարարությունում Ռուսաստանի հայկական սփյուռքի գործարար շրջանակների ներկայացուցիչները, «շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական դրության բարելավման և պատմական հայրենիքում առաջընթացի ապահովման գործում; արտահայտելով ընդհանուր ձգտումը և ցանկությունը՝ միասին ուղղելու եռանդը, գիտելիքները, ռեսուրսները և փորձը Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը՝ արտաքին և ներքին խնդիրներին ու մարտահրավերներին համապատասխան; ծանոթանալով ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսությունում երկարաժամկետ բարեփոխումներ իրագործելու նրա պլաններին և ծրագրերին», լիակատար աջակցություն են հայտնում «նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն՝ հենվելով ողջ հայության ներուժի վրա», կիսում են «նշյալ բարեփոխումների նպատակներն ու խնդիրները, որոնց արդյունքում Հայաստանը կվերածվի ապահով, արդար, արդիական, բարձր ինտելեկտուալ և դինամիկ զարգացող պետության»:

«Հիմնվելով համայն հայության համերաշխության սկզբունքների և գործընկերության ոգու վրա, մեր պատրաստակամությունն ենք հայտնում ուժերի ներածին չափով մասնակցելու ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես ծրագրերին», - ասված է ռուսաստանաբնակ հայ գործարարների հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG