Մատչելիության հղումներ

Հնարավոր է, որ «Տարոն-Ավիա» ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը


Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում բազայի վրա գործող 2-րդ ազգային փոխադրողը՝ «Տարոն-Ավիան», Գյումրիից դեպի Մոսկվա վերջին չվերթը կիրականացնի դեկտեմբերի 31-ին:

Համենայնդեպս, այս պահին տոմսերի հետագա վաճառք նախատեսված չէ:

«Ազատությանը» չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանից, ով այս պահին Դուբայում է:

Գյումրեցի գործարարը, հիշեցնենք, Դուբայից էր իր բիզնեսը տեղափոխել հայրենի Գյումրի: Հայաստանում ավիափոխադրումներ իրականացնելու որոշումն էլ գործարարը կայացրել էր վարչապետի հետ հանդիպումից հետո:

Քաղաքավիացիայի գլխավոր վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ մինչև այս պահը գործունեությունը դադարեցնելու մասին պաշտոնական գրություն չունեն «Տարոն-Ավիա»-ից:

Մի քանի օր առաջ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասել էր․ - «Գառնիկի հետ խոսել եմ առավոտ, էստեղ չէր ինքը, ասեց՝ մինչև հունվարի 1-ը առայժմս գործելու է «Տարոն-Ավիա»-ն: Նրանցի հետո ինքը իրեն ճակատագիրը չգիտեր, որ ինձ ասեր»:

«Տարոն Ավիա»-ի՝ շուկա մտնելուց հետո ռուսաստանյան «Պոբեդա» ավիաընկերությունը, որը մինչև այդ շաբաթական 3 չվերթ էր իրականացնում Գյումրի - Մոսկվա ուղղությամբ, թռիչքները դարձրեց ամենօրյա՝ զգալիորեն նվազեցնելով նաև ավիատոմսերի գները:

Ավիտոմսերի վաճառակետերում լավ են հիշում, որ նախկինում երբևէ դեպի Մոսկվա ամենօրյա չվերթներ չէին իրականացվել:

«Արմիտուր» ավիագործակալությունից Արսեն Ղազարյանը կարծում է, որ «Պոբեդան» դեմպինգի քաղաքականութուն է վարել՝ փորձելով սնանկացնել կամ խաղից դուրս թողնել «Տարոն-Ավիա»-ին․ - «Դադարեցման հիմնական պատճառը «Պոբեդա» ավիաընկերության կողմից դեմպինգային քաղաքականություն վարելն էր: Շուկան բաժանված էր երկու ավիափոխադրողների միջև, սակայն «Պոբեդան», ստանալով մեր ղեկավարության թույլտվությունը, ամեն օր չվերթ դրեց, որի շնորհիվ «Տարոն-Ավիա»-ի ուղևորները պակասեցին․․․ Չեմ կարծում, որ էդ քանակի ուղևորներ Գյումրիից կլիներ․ 185 տեղանոց ինքնաթիռը ամեն օր գա Գյումրի, ամեն օր գնա, էդ ունեցել ենք մեկ էլ 20-25 տարի առաջ: Պարզապես էնպես արեց, որ «Տանոր-Ավիան» սնանկանա»:

Ավիագործակալության ներկայացուցիչը անհավասար մրցացուկցության մասին էլ խոսեց՝ օրինակ բերելով, որ ռուսաստանյան ավիափոխադրողը Գյումրիում օգտվել է մի շարք արտոնություններից, այնինչ «Տարոն-Ավիան» Ռուսաստանում դիտվել է որպես օտարերկրյա փոխադրող, և ամեն ինչի համար միջազգային գներով վճարել: Խոսքը աէրոնավիգացիայի և վառելիքի մասին է:

«Անհավասար մրցակցային պայմաններ են եղել», - շարունակեց Արսեն Ղազարյանը: - «Մեր «Տարոն-Ավիային» էնտեղ որևէ տեսակի զեղչ չկա։ Մեր մոտ տված է էրկուսին հավասարաչափ զեղչային քաղաքականություն, իսկ Ռուսաստանի օդանավակայաններում մենակ «Պոբեդային» է տված»:

Թե ինչ վերջնական որոշում կկյացնի «Տարոն-Ավիա»-ի սեփականատերը, պարզ կդառնա Գառնիկ Պապիկյանի՝ Հայասատան վերադառնալուց հետո: Ազգային ավիափոխադրողի կոչմանը հավակնող նրա ընկերությունը ընդամենը 6 ամիս դիմացավ ռուսաստանյան ընկերության մրցակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG