Երևանցիները չեն հավատում, որ 23 տարի անց հնարավոր է իրականություն դառնա նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի տեսլականը։ Խոսքը՝ 2040 թվականին առնվազն 4 միլիոն բնակչություն ունենալու մասին է։
Այդ միտքն առաջին անգամ նախագահը հնչեցրեց վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, իսկ ավելի ուշ՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց՝ «նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում»։
«Ազատության» հետ զրույցում քաղաքացիներն այսօր շեշտեցին՝ արտերկրում բնակվող իրենց բարեկամներն ու հարազատներն, իհարկե, կցանկանային ապրել հայրենիքում, սակայն, հաշվի առնելով ներկայիս սոցիալ-տնտեսական պայմանները, հետ վերադառնալ չեն պատրաստվում։
Նախագահի հայտարարությունը բարի ցանկության շարքից էր, 2018-ի բյուջեն 4 միլիոն բնակչություն ունենալու մտադրության մասին չի էլ վկայում, այսօր նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Ըստ նրա, հստակ ուղենիշ վերցնելուց առաջ պետք էր առաջնահերթ մտածել երկրում առկա ցավոտ խնդիրների մասին։ «91 թվականից մինչև հիմա 16-ից 19 տոկոս է գործազրկության մակարդակը։ Տարբեր ժամանակներ, տարբեր բացատրություններ կարող են լինել, բայց հիմա ենթադրենք, եթե տնտեսական աճ է լինում 6-ից 7 տոկոս, ի՞նչ է տալիս մեզ, հիմա նույնը վերաբերում է աշխատավարձին՝ եկամուտների նկատմամբ։ Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում ես չեմ տեսնում նպատակ իշխանության կողմից», - ասաց Խաչատրյանը։
4 միլիոն բնակչություն ունենալն իրատեսական է, եթե առաջիկա տարիների երկնիշ թվերով տնտեսական աճ ունենանք, կարծում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Նա նաև նշում է՝ բնակչության թվի ավելացման առաջնային նախապայմանը ղարաբաղյան հարցի լուծումն է, քանի որ արտագաղթի պատճառներից մեկ էլ պատերազմի վտանգն է։
«Թող սեղանի վրա դրվեն ուսումնասիրություններ, մենք տեսնենք, թե իրապես այդ արտագաղթը, որ վերջին տասնամյակների գլխավոր թրենդներից մեկն է եղել և շատ բացասական է ազդել ու առաջիկայում չի երևում, որ այս իրավիճակը չի շարունակվի, որովհետև այն որոշումները, որոնք կայացվում են նաև տարկետման իրավունքի հետ կապված, կնպաստեն որպեսզի դեմոգրաֆիական վարընթացն այդ կորագծի փոխի իր ուղղությունը», - ասաց Մարգարյանը։
Արտագաղթի իրական պատկերը հասկանալու համար պետք է այցելել անձնագրային վարչություններ, շեշտում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Ըստ նրա, այն, ինչ կատարվում է այնտեղ, իսկապես անհանգստացնող է։
«Ուշադրություն դարձրեք, թե ինչ է կատարվում վերջին ամիսներին հատկապես վիզաների՝ անձնագրային բաժնում, մասսայական հանձնում են անձնագրեր՝ զինակոչային տարիքի երեխաներին Հայաստանից հանելու և այլ քաղաքացիություն ապահովելու համար։ Սա չի կարելի հաշվի չառնել, սրա առաջ աչքերը չի կարելի փակել», - ասաց Մանասերյանը։
Տնտեսագետը հիշեցնում է նաև տարբեր տարիներին տարբեր մասնագետների կողմից արված հաշվարկները, ըստ որոնց, երկրում առկա ռեսուրսները ճիշտ կառավարելու դեպքում այստեղ կարող է ապրել ոչ թե 4, այլ 10 միլիոն մարդ, մինչդեռ այժմ իշխանությունը, նրա գնահատմամբ, ճիշտ ճանապարհով չի շարժվում։