Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Աջ ղեկ» նախաձեռնության բողոքի ակցիայի մասնակիցներին։
Հանդիպման մասնակիցներն առաջարկեցին նախ e-draft.am կայքից հեռացնել քննարկման դրված որոշումների փաթեթը։
«Մեր երկրին հարիր չի, մեր երկրի կրթվածության մակարդակը միշտ բարձր է դասվել, իսկ էդ կայքում շատ ծիծաղելի պատասխաններ են տրված առաջարկություններին, այն առումով, օրինակ, որ Սահմանադրությունն, այո՛, ասում է, որ «սեփականության իրավունքն այն ժամանակ է կիրառվում, երբ որ դա չի խոչընդոտում այլ օրենքների դրույթներին»։ Ամեն պատասխանի մեջ դրված է սա, բայց դա էլ մի վատ բանի է բերում՝ դա նշանակում է, որ տասը տարուց ավել մեր հանրապետության օրենսդրական համակարգը՝ սահմանադրական կամ այլ օրենքների խախտումներով թույլ է տվել ու մարդիկ ներմուծել են մեքենաները, վճարել են հարկերը, տուրքերը, ամեն տարի գույքահարկ են վճարել և այլն, ձեռք են բերել սեփականության իրավունք, որը նաև տրված է փաստաթղթի տեսքով՝ շարժական գույք է կոչվում դա, ու գրանցված է շարժական գույքի ռեգիստրում ու հիմա ասում է, որ դա Սահմանադրության հետ կապ չունի՝ չի խախտվում մարդու սեփականության իրավունքը, որովհետև դա օրենքի խախտումով է։ Ուրեմն եկեք պարզենք, թե ո՞վ է խախտել իրավունքը, որ թույլ է տվել էսքան մեքենա ներմուծել ու էսքան հարկեր է վերցրել, հետո նոր դնենք քննարկման, թե ի՞նչ է դրանից հետո լինելու։ Ես կարծում եմ, որ դրա տակ այլ հիմնավորում կա, որի մասին չի խոսվում», - ասաց նախարարի հետ հանդիպմանը մասնակցող ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով. - «Մենք կարծում ենք, որ հիմնավորումները, որոնք դրված են նախագծի հիմքում, ճիշտ չեն, հիմնավորում չեն կարող համարվել և ընդունելի չեն մեզ համար»։
Հիշեցնենք, կառավարությունը իրավական ակտերի, նախագծերի միասնական e-draft.am կայքում քննարկման է դրել որոշումների փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում՝ նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում, թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, «սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը»:
Կառավարությունն ըստ էության մեկ հիմնավորում է բերում՝ Հայաստանում աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգավոր է, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: «Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում»,-նշվում է այս նախագծի հիմնավորման մեջ։ Կառավարությունն իր որոշման նախագիծը ըստ էության համաձայնեցնում է ԵԱՏՄ փաստաթղթերին:
Տե՛ս նաև այստեղ