Մատչելիության հղումներ

«Նախագիծն ընդունելու ոչ մի պատճառաբանություն մեզ համար ընդունելի չէ». «Աջ ղեկ»-ը բողոքի ավտոերթ կանցկացնի


«Աջ ղեկ» նախաձեռնությունն այսօր բողոքի ավտոերթով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից պատրաստվում է շարժվել դեպի Հանրապետության հրապարակ՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի մոտ։

Ցույցի մասնակիցները բողոքում են աջակողմյան ղեկանիվով ավտոմեքենաների ներմուծման արգելքի դեմ:

Տրանսպորտի նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ նախարար Վահան Մարտիրոսյանը պատրաստ է ընդունել նախաձեռնության ներկայացուցիչներին:

«Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախարարի այս քայլը գնահատում են և կհանդիպեն նրա հետ։

«Կգնանք, մեր տեսակետը կհայտնենք, որ մենք առաջարկներ կանենք միայն այն դեպքում, եթե նախագիծը հետ կանչվի, դրանից հետո իհարկե արդեն կանենք մեր առաջարկը, իրենք կանեն իրենց առաջարկը», - ասաց Աճեմյանը։

Հիշեցնենք, կառավարությունը իրավական ակտերի, նախագծերի միասնական e-draft.am կայքում քննարկման է դրել որոշումների փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում՝ նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում, թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, «սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը»:

Գևորգ Աճեմյանն ասաց՝ այսօր պահանջելու են, որ նախագիծն ամբողջությամբ հետ կանչվի, այլ հարց իրենք չեն պատրաստվում քննարկել։

«Դրանից հետո պետք է Տրանսպորտի և կապի նախարարությունը հանձնաժողով ստեղծի, կամ էքսպերտների խումբ ստեղծի, մենք էլ մեր էքսպերտներին ներգրավենք, մտածենք, թե ինչ կարելի է ավելի խելացի որոշել, որովհետև այնտեղ ոչ մի պատճառաբանություն նախագիծն ընդունելու համար մեզ համար ընդունելի չի՝ բացարձակապես», - ասաց Աճեմյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG