Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» փաստաբանները նախազգուշական գործադուլ արեցին


Փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը (ձ) և Արա Ղարագյողյանը:
Փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը (ձ) և Արա Ղարագյողյանը:

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների մի խումբ փաստաբաններ այսօրվա նիստը մեկնարկեցին գործադուլ հայտարարելով։

Բողոքի ակցիայի պատճառը Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունված նոր Դատական օրենսգիրքն է, որի դրույթներից մեկը դատավորներին հնարավորություն է ընձեռում մինչև 100 հազար դրամով տուգանել փաստաբաններին։

«Էդ նույն պատգամավորները, երբ որ հայտնվեն դատարանում, թող էդքան վստահ չլինեն, որ արդեն կլինեն փաստաբաններ, որոնք իրենց խախտված իրավունքները կպաշտպանեն», - ասաց փաստաբաններից մեկը:

«Մենք ցանկանում ենք դրանով ցույց տալ, որ փաստաբանությունը և իրավապաշտպան գործունեությունը չի կարելի սահմանափակել անհիմն և անօրինական ճանապարհներով: Այն, ինչ որ ցանկանում են ընդունել, դա ուղղված է մարդու իրավունքների դեմ: Եվ մենք ընդամենը 10 րոպե այս նախազգուշական ակցիան իրականացնելով ցանկանում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել», - հավելեց նրա գործընկերը:

«Անհեթեթ բան է՝ օրենքով փորձել սահմանափակել այն, ինչ որ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով մեզ իրավունք տրված է: Սա առնվազն միամիտ անձի անգրագետ գործողություններ են», - ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ հավելելով, որ եթե անգամ այդ օրենքը հակասահմանադրական չճանաչվի, ապա Եվրոպական դատարանը միևնույն է դա փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու միջոց կորակի․ - «Փաստաբանների իրավունքները չի կարելի սահմանափակել: Թեկուզ հասկանալի ա․ օրենքը այդքան հեշտ ու արագ կարողանում են ընդունել իշխանությունները, բայց դա չի նշանակում, որ արագ, պատի տակ ընդունված օրենքները իրավունք ունեն կյանքի կոչվելու: Սա ուղղակի միամիտ վերաբերմունք է, արհամարհական վերաբերմունք է արդարադատությանը»:

«Ազատության» հետ զրույցում մեկ այլ փաստաբան՝ Տիգրան Աթանեսյանը նույնպես պնդեց, որ այս փոփոխությունը փաստաբաններին ճնշելու հերթական միջոցն է․ - «Սա խայտառակություն է, անթույլատրելի նորմ է: Այդ նորմով սպանվելու է փաստաբանությունը մեր երկրում: Սա մի մահակ է դատավորների ձեռքում, որով փաստաբանները պարզապես խեղճացվելու են»:

Իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքով՝ թեև օրենքը դեռ ամբողջությամբ չի ընդունվել, դատարաններում արդեն ճնշումների ակնարկիներ են հնչում․ - «Երեկ Գագիկ Պողոսյանը ինձ զգուշացրեց, որ եթե ես նման ձևով շարունակեմ առարկել դատավորի անօրինական գործողությունների դեմ, հաջորդ անգամ «նայի քեզ ինչ եմ անելու»: Այսինքն, դատավորները, դեռ նախագիծը չընդունված, արդեն իրանք սպառնում են»:

Փաստաբանները հայատարարում են, որ օրենքի ընդունման դեպքում կդիմեն օրենքով սահմանված անհնազանդության այլ միջոցների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG