«Ես կարող եմ միայն հպարտանալ, որ ցանկալի մարդ չեմ ամերիկյան հատուկ ծառայությունների համար», - այսպես է արձագանքել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության «Մագնիսկու ցուցակում» հայտնվելու մասին տեղեկությունը։
Կադիրովն այս որոշումը մեկնաբանել է սոցիալական ցանցերից մեկի իր էջում՝ նշելով, որ չէր պատրաստվում մեկնել Միացյալ Նահանգներ, կամ հաշիվներ բացել Ամերիկայում։
Ըստ ԱՄՆ Ֆինանսների նախարարության, Կադիրովը պատասխանատու է Չեչնիայում մարդու իրավունքների կոշտ ոտնահարումների համար։
Բացի Կադիրովից «Մագնիտսկու ցուցակում» են հայտնվել նաև չեչենական Արգուն քաղաքի ոստիկանության ղեկավար Այուբ Կադաևը, ում ամերիկացի պաշտոնյաները մեղադրում են համասեռականների իրավունքները ոտնահարելու, նրանց հետապնդելու մեջ, ռուսաստանցիներ Անդրեյ Պավլովը, Ալեքսեյ Շեշենիան և Յուլյա Մայորովան։
Հիշեցնենք՝ «Մագնիտսկու ցուցակ»-ը Միացյալ Նահանգներում ընդունվել է 2012-ի դեկտեմբերին։ Այն թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր, ըստ Վաշինգտոնի, ինչ-որ կերպ առնչվում են ռուսաստանյան բանտում 2009 թվականին նոյեմբերի 16-ին իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան հետ։ Այդ օրենքի 404-րդ կետը պահանջում է ամերիկյան վարչակազմից ջրի երես հանել այն անձանց, ովքեր պատասխանատու են իրավաբանի նկատմամբ կիրառված բռնության ու նրա մահվան համար, ինչպես նաև արտադատարանային հաշվեհարդարների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։
Ցուցակն ամեն տարի համալրվում է նոր անուններով, ովքեր նույնպես պատասխանատու են արտադատարանային հաշվեհարդարների և մարդու իրավունքների խախտումների համար, որոնք սակայն չեն առնչվում Մագնիտսկու գործի հետ։ Ռամզան Կադիրովը ամենաբարձրաստիճան պաշտոնյան է այս ցուցակում։
Նշենք, որ այս ցուցակում ընդգրկվածների նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնը կիրառում է տնտեսական պատժամիջոցներ և արգելում նրանց մուտքը Միացյալ Նահանգներ։