Մատչելիության հղումներ

«Տեղի ունեցածը մեր կողմից թույլ տրված լուրջ թերացում էր». Կվիրիկաշվիլին՝ Մուխթարլիի գործի մասին


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Նման բան չպետք է տեղի ունենար, ասել է Վրաստնաի վարչապետը։

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգումից շուրջ կես տարի անց Վրաստանի իշխանությունները վերջապես քաղաքական պատասխանատվություն ստանձնեցին կատարվածի համար: Այս մասին երեկ` Վրաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վրացական կառավարության ղեկավարը ստիպված եղավ այդ խնդրին անդրադառնալ այն բանից հետո, երբ «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Ելենե Խոշտարիան ընթերցեց ադրբեջանցի լրագրողի նախաքննական ցուցմունքների որոշ հատվածները, որոնցից պարզ էր դառնում, որ Մուխթարլիին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնում, այլ ոչ թե ձերբակալել էին վրաց-ադրբեջանական սահմանն անօրինականորեն հատելու փորձի ժամանակ, ինչպես պնդում է Ադրբեջանի դատախազությունը:

«Տեղյակ եք, որ այս առթիվ ընթացող նախաքննությունը դեռ շարունակվում է: Սա բավական դժվարին գործ է: Բայց ես պետք է խոստովանեմ, որ տեղի ունեցածը մեր կողմից թույլ տրված շատ լուրջ թերացում էր: Նման բան չպետք է տեղի ունենար: Այս պահին սակայն մեզ դեռևս չի հաջողվել վեր հանել ողջ ճշմարտությունը», - նշում էր Վրաստանի վարչապետը:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին անհետացավ մայիսի 30-ի երեկոյան: Հաջորդ օրը նա հայտնվեց Բաքվում: Ադրբեջանական իշխանությունները պնդում էին, որ Մուխթարլին փորձել էր հատել վրաց-ադրբեջանական սահմանը` շրջանցելով անցակետը:

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլի, արխիվ
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլի, արխիվ

Մուխթարլիի փաստաբանների և հարազատների պնդմամբ, սակայն, Մուխթարլիի առևանգմանը ներքաշված են եղել նաև վրացական ոստիկանության աշխատակիցները` մասնավորաբար քրեական հետախուզության որոշ սպաներ:

Վրաստանի վարչապետի խոսքով, ի դեպ, Մուխթարլիի առևանգումից հետո իշխանությունների կողմից ձեռնարկված գործողությունները միանգամայն ճիշտ էին:

«Իմ տեսակետը հետևյալն է՝ այդ դեպքից հետո կառավարությունը որոշեց պաշտոնանկ անել Հակահետախուզության ծառայության և սահմանապահ ոստիկանության ղեկավարներին։ Այդ որոշումը միանգամայն համարժեք էր ստեղծված իրավիճակին: Նրանց մեղքը դեռևս ապացուցված չէ, բայց այդ մարդիկ քաղաքական պատասխանատվություն ստանձնեցին», -հայտարարում էր Վրաստանի վարչապետը:


Հիշեցնենք, որ Մուխթարլիի գործով դատավարությունը մեկնարկեց մոտ երկու շաբաթ առաջ՝ Վրաստանին սահմանակից Բալականի շրջանում: Դեկտեմբերի 15-ին կայացած դատական նիստի ընթացքում Մուխթարլին հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին հետաքննական ռեպորտաժներն էին իր առևանգման պատճառը: «Ալիևը անձամբ է հրահանգել ձերբակալել ինձ», -հայտարարում էր Մուխթարլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG