Մատչելիության հղումներ

Չավուշօղլու․ «Անկարան Երևանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով»


Թուրքիայի արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ Թուրքիան ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է պայմանով, որ Հայաստանը պետք է լքի «օկուպացված տարածքները»:

«Անկարան Երևանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով. Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները, ինչից հետո մենք կարգավորում ենք մեր կապերը՝ սա էր հիմնական պայմանը», - Բաքվում հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն:

Հիշեցնենք Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է , որ ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018 թվականի գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ: Պաշտոնական Երևանը պնդում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն արտահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ, սակայն արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո «Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից և վերադարձավ նախապայմանների լեզվին»:

Պատասխանելով 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների ճակատագրի մասին հարցին, Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանը պետք է իմանա ինչպես իրեն պահել հարևանների հետ․ - «Մենք Հայաստանի առաջ պայման ենք դրել վերադարձնել օկուպացված տարածքները. հայկական կողմի բացատրությունները մեզ համար որևէ նշանակություն չունեն»:

Թուրքիայի արտգործնախարարը նաև հերթական անգամ շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Անկարան միշտ Բաքվի կողքին է:

Շարունակելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման՝ Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրել է, որ հունվարի կեսերին պատրաստվում է հանդիպել հայաստանցի պաշտոնակցի հետ՝ բանակցությունները շարունակելու նպատակով:

«Վիեննայում մենք մտքեր ենք փոխանակել. համանախագահները կգնահատեն այդ քննարկումները և որոշում կկայացնեն: Ես ասել եմ, որ համաձայն եմ նույնիսկ երկու օր բանակցել, միայն թե արդյունք լինի»,- ասել է Էլմար Մամեդյարովը

Այս հայտարարությունները հնչել են այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում, որտեղ կայացել է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Դրա ավարտին Էլմար Մամեդյարովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն հայտարարել են, թե ցանկանում են էլ ավելի ընդլայնել եռակողմ համագործակցությունը՝ մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում:

Երեք հարևան երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները այդ ձևաչափով հանդիպում են 2011 թվականից ի վեր՝ արդեն հինգերորդ անգամ:

Ամփոփելով բանակցությունները՝ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է մեծացնել Ադրբեջանից և Իրանից գնվող գազի ծավալները:

«Իրանն ու Ադրբեջանը կարևոր երկրներ են էներգետիկ ռեսուրսների տեսանկյունից»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը, հույս հայտնելով, որ հաջորդ տարի կողմերին կհաջողվի ավարտին հասցնել Տրանսանատոլիական գազատարի՝ «Տանափ»-ի շինարարությունը:

Հիշեցնենք Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցնող այս խողովակաշարով Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Շահ Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը կմատակարարվի Հարավային Եվրոպայի շուկաներ` թուլացնելով Եվրամիության անդամ պետությունների կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Հայաստանը շրջանցող հերթական այս նախագիծը, ըստ նախնական հաշվարկների տարեկան առնվազն 16 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու հնարավորություն կստեղծի: Գազատարի շինարարությամբ Թուրքիան հույս ունի մի կողմից բավարարել սեփական սպառողների աճող պահանջարկը, մյուս կողմից դառնալ երկնագույն վառելիքի վաճառքով զբաղվող հիմնական միջնորդ պետություններից մեկը:

Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Մերձավոր Արևելքում աննախադեպ լարվածության ֆոնին, որն առաջացել է Միացյալ Նահանգների՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման պատճառով: Այդ երեք երկրները նախագահների մակարդակով արդեն իսկ դատապարտել են ամերիկյան կողմի այդ քայլը: Այսօր էլ արտգործնախարարները պայմանավորվել են կողմ քվեարկել ՄԱԿ-ի բանաձևի նախագծին, որով առաջարկվում է մերժել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ Թրամփի որոշումը: Բանաձևը Անվտանգության խորհրդում անցած օրերինտապալվեց Վաշինգտոնի կողմից վետոյի ենթարկվելու արդյունքում: Այժմ հարցը մտցվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG