«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը քիչ առաջ ավարտեց իր հանրային քննարկումը, որի ընթացքում որոշվեց, որ խմբի երկու անդամները պետք է շարունակեն հացադուլը: Քննարկման մասնակիցներն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ մշակում են հացադուլին զուգահեռ բողոքի այլ ակցիաներ նախաձեռնելու օրակարգը:
«Որոշակի քննարկումներ տեղի ունեցան, սակայն այդ քննարկումները մենք պետք է դեռևս ամբողջացնենք, այսինքն՝ հասկանանք, թե ինչ ունենք ու ինչպիսի կարծիքներ կան: Այդ կարծիքների հիման վրա էլ պետք է կատարենք պլանավորում, հասկանանք, թե տղաների քայլից բացի ուրիշ ինչ քայլեր պետք է անենք», - «Ազատության» հետ զրույցում ասացին խմբի անդամները:
ԵՊՀ բակում կայացած քննարկումը սակավամարդ էր: Նախաձեռնության անդամները նույնպես ընդունում են, որ հասարակությունն այս հարցը փոքր-ինչ անուշադրության է մատնել:
Արդեն երրորդ օրը տարկետման իրավունքի վերականգնման համար հացադուլ իրականացնող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանն, այսօր ավել վաղ «Ազատության» հետ զրույցում նույնպես հայտարարեց՝ հացադուլը դադարեցնելը բացառվում է։
«Հացադուլը չի դադարեցվի, մենք դրան կտրականապես դեմ ենք», - նշեց Ավագյանը: - «Եթե գնացել ենք այդ քայլին, կփորձենք հնարավորինս անել»:
Հացադուլը դադարեցնելու և քննարկումների սեղանին վերադառնալու կոչով, երեկ ուսանողներին դիմեցին հանրապետական պատգամավորները։ Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանը մինչդեռ հայտարարում են, որ բանակցությունների փուլն ավարտված է: Ասում են, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից տեղեկացել են, որ տարկետման հին կարգը չի վերականգնվելու։
«Իրենց դիրքորոշումը հստակ՝ պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո լսեցինք, դրա համար հասկացանք, որ մենք տարբեր կերպ ենք պատկերացնում այդ հարցի լուծումը, այդ իսկ պատճառով դիմեցինք նմանատիպ քայլի», - նշեց Յուրի Ավագյանը:
Համալսարանի անվտանգության աշխատակիցները այս գիշեր ևս լսարանն ազատելու համար գործողությունների չեն դիմել։ Հացադուլ իրականացնող երկու երիտասարդներից մեկի՝ Յուրի Ավագյանի ինքնազգացողությունը ուշ գիշերին վատացել է, հետազոտման համար նրան անգամ կարճ ժամանակով հիվանդանոց են տեղափոխել, սակայն ասում է, որ մտադիր չէ այդ պատճառով դադարեցնել բողոքի այս ծայրահեղ միջոցը։
«Մեր հստակ պահանջն է, որ տարկետման ինստիտուտը պահպանվի, կապ չունի դա օրենսդրորեն իրենք ոնց կձևակերպեն: Ուղղակի պետք է խստացվեն ընթացակարգերը․ եթե ասում են՝ կոռուպցիա կա, թող որոշեն կոնկրետ որտեղ կա կոռուպցիա, ով է իրականացնում կոռուպցիա և պատժեն դրա իրականացնողներին: Այսինքն՝ իրենք չխոսեն կոռուպցիայի մասին այնպես, որ՝ դա նորմալ է, առօրյա երևույթ է: Լուծեն այդ հարցը, խստացնեն ընթացակարգեր, տարկետման ինստիտուտը պահպանվի», - մեկնաբանեց Ավագյանը: