Մատչելիության հղումներ

«Եթե Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, ուրեմն Նաիրի Հունանյանը ձյունանուշիկն է»․ Դավիթ Շահնազարյան


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին քաղբանտարկյալ չի համարում։

Շահնազարյանը նշում է՝ «եթե Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, ուրեմն Նաիրի Հունանյանը ձյունանուշիկն է»։

Շահնազարյան. - Կան մարդիկ, կան ուժեր, որոնց ձեռնտու է ասել՝ Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով։

«Ազատություն». - Դուք, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանին քաղբանտարկյալ չե՞ք համարում։

Շահնազարյան. - Իհարկե, չեմ համարում, եթե Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, ուրեմն Նաիրի Հունանյանը ձյունանուշիկն է։ Ինչպե՞ս կարող ենք նրանց քաղբանտարկյալ համարել։

«Ազատություն». - Բայց մենք գիտենք, թե Նաիրի Հունանյանն ինչ է արել, Ժիրայր Սեֆիլյանն ինչ է արել։

Շահնազարյան. - Նույնն են արել, որևէ տարբերություն չկա, որակական որևէ տարբերություն չկա։

«Ազատություն». - Ի՞նչ է արել Սեֆիլյանը։

Շահնազարյան. - Զենքի ուժով փորձել են իշխանություն փոխել՝ երկուսն էլ։

«Ազատություն». - Կարծո՞ւմ եք, որ այդ մեղադրանքը հիմնավորված է։

Շահնազարյան. - Բայց այն, ինչ-որ ես եմ տեսել, Դուք էլ եք տեսել, այդքանը բավական է՝ նույն զենքի ուժով պատանդներ վերցնել, քաղաքական պահանջներ դնել։

«Ազատություն». - Նրանք չեն ընդունում այդ մեղադրանքները, ավելին՝ ինչպես նշվում է, որ «Սեֆիլյանը զինված խմբեր է ստեղծել», այդ զինված խմբերը հայտնաբերված չեն։

Շահնազարյան. - Ներողություն, դրա համարել էլ խոսում ենք պատանդների և զենքի ուժով պատանդ վերցնելու մասին։ Իրենք ընդունում են, թե չենք ընդունում, բայց մենք դա տեսել ենք մեր աչքով, ՊՊԾ-ի մասով եմ ես ասում, այդ ամեն ինչը մենք մեր աչքով ենք տեսել, իրենք կարող են ընդունել, կամ չընդունել։ Նորից եմ կրկնում՝ նման մեթոդների նկատմամբ թե՛ հասարակությունը, թե՛ իշխանությունը պետք է դրսևորի բացարձակ անհանդուրժողականություն։

«Ազատություն». - Դա հասկանալի է, բայց իշխանությունն ինչ-որ քայլեր անո՞ւմ է, որպեսզի նմանօրինակ խմբեր չստեղծվեն, որպեսզի մարդիկ այդ հուսահատ քայլերին չգնան։

Շահնազարյան. - Այն, որ այս խմբերն արդեն ստեղծվել են, և փառք Աստծո, մի դեպքում դա կանխարգելվեց՝ նախքան գործողություն անելը, մի դեպք էլ է այդպիսի եղել, ՊՊԾ-ի դեպքում դա չարվեց։ Նման կառույցի անհրաժեշտությունը, նկատի ունեմ ժամանակակից, տեխնիկապես հագեցած հակաահաբեկչական կենտրոնի, հիմնական խնդիրը պետք է լինի կանխարգելելը։

«Ազատություն». - Ես քաղաքական քայլերի մասին եմ խոսում, քաղաքական քայլեր, որոնք պարարտ հող չեն ստեղծի այսօրինակ խմբերի ստեղծման համար։

Շահնազարյան. - Դա իշխանության վստահության հարցն է, որը մեղմ ասած, այսօր շատ ցածր է, և երկրորդ՝ սոցիալական վիճակն է։ Դա է միշտ պարարտ հող գտնում և իհարկե սոցիալական անարդարությունը, որ կա, կոռուպցիան, որ կա՝ համար մեկ աղետը։ Այստեղ պատճառներն իհարկե թե՛ սոցիալական են, թե՛ քաղաքական են, բայց որևէ արդարացում լինել չեն կարող, ոչ մի դեպքում դա արդարացում չունի։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ: Խմբի անդամները չեն ընդունում մեղադրանքները։

Իսկ ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանը ևս ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքը՝ այն կապելով իր քաղաքական գործունեության հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG