Ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու սովորությունը կարծես թե Անկարայի բնավորության գիծ է դառնում, հունական «Էթնոս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Հունաստան կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հնչեցրած կարծիքը, թե անհրաժեշտ է «վերանայել» Լոզանի պայմանագիրը:
Թերթի հարցին, թե ինչպի՞սի մոտեցում ունի Հայաստանը նման դիրքորոշումների հանդեպ, որոնք վերաբերում են պայմանագրերի «վերանայմանը», Նալբանդյանը, հայտարարել է․ - «Ես չէի ցանկանա մեկնաբանել որևէ կոնկրետ պայմանագիր կամ կոնկրետ հայտարարություն: Այնուամենայնիվ, ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու սովորությունը կարծես թե Անկարայի բնավորության գիծ է դառնում: Մենք կարող ենք հեշտությամբ հիշել այլ օրինակներ, երբ Թուրքիան չի հարգել համաձայնագրերի տակ դրված իր ստորագրությունը: Ի թիվս այլոց, մենք կարող էինք հիշել Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ուղղված էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը»:
Մեկնաբանելով թուրքական Թուրքիայում իշխանամետ գործիչների պնդումները, թե իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը «հայ» է՝ ներկայացնելով դա որպես մեղադրանք, Էդվարդ Նալբանդյան անհանդուրժողականության մեջ է մեղադրել թուրք քաղաքական գործիչներին: - «Ցավոք, սա հայերին իրենց հակառակորդների կամ նույնիսկ թշնամիների հետ նույնականացնելու որոշ թուրք քաղաքական գործիչների դարավոր սովորության ևս մեկ ապացույց է: Ավելին, նրանք երբեմն շատ ավելի հեռու են գնում՝ հայ լինելը համարելով վիրավորանք, ինչը պարզապես անհանդուրժողականության և ռասիզմի դրսևորում է», - նշել է նա:
Թեւրթի խնդրանքով Նալբանդյանը նաև մեկնաբանել է կարծում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու վերաբերյալ որոշումը:
«Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ հետևում ենք Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին», - փաստել է Հայաստանի արտգործնախարարը: - «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար»: