Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների դատավարությունն անցավ վիրավորանքների մթնոլորտում


Շենգավիթի դատարանում այսօր շարունակվեց «Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների դատավարությունը, որը կրկին անցավ փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում։

Երբ մեղադրող դատախազները շարունակեցին հրապարակել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, զինված խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը ոտքի ելավ և հայտարարեց, թե չի ցանկանում լսել դրանք։ Ասաց, որ դատախազը այնպիսի անուններ է հնչեցնում, որոնք չեն առնչվում գործի այս վարույթին։

Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը այդ ժամանակ ներկայացնում էր ՊՊԾ գունդը հանձնելուց հետո կալանավորված մեղադրյալների հետ գնդի տարածքում կատարված քննչական գործողությունները։ Այս ապացույցներում տեղ էին գտել նաև զինված խմբի մյուս անդամների անունները, որոնց գործը քննվում է այլ դատավորների վարույթներում։

Դատավոր Արթուր Օհանյանը հորդորեց չաղմկել, մինչդեռ Մարտիրոս Հակոբյանը անդրդվելի էր, և թե՛ նա, և թե՛ մյուսները վիրավորական արտահայտություններ հնչեցրին դատախազների հասցեին՝ նրանք էլ հակադարձեցին։ Դատավորը նախազգուշական սանկցիա կիրառեց Մարտիրոս Հակոբյանի նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու և անհարգալից վերաբերմունքի համար։ Մարտիրոս Հակոբյանը շարունակեց պնդել՝ չի ցանկանում լսել, օրինակ, Արմեն Բիլյանի, Պավել Մանուկյանի մասով ապացույցները և որոշեց հեռանալ նիստերի դահլիճից։ Փաստաբաններ Երվանդ Վարոսյանը ու Մուշեղ Շուշանյանը պնդեցին, որ ամբաստանյալն իրավունքի ունի չմասնակցել նիստին, ինչից հետո դատավոր Արթուր Օհանյանը թույլատրեց Մարտիրոս Հակոբյանին չմասնակցել ապացույցների հետազոտման փուլին։ Հակոբյանից հետո նույն պատճառաբանությամբ հեռացան ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանը և Տիգրան Մանուկյանը։

Ըստ այսօր հրապարակված գրավոր ապացույցների, զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի տարածքում մասնակցել են քննչական գործողությունների՝ մասնավորապես քննիչներին ցույց են տվել, թե ինչպես են, «Կռազ» մակնիշի բեռնատարով ջարդելով ՊՊԾ գնդի դարպասները, մուտք գործել ներս, զինանոցից զենք վերցրել, պատանդ վերցրել ոստիկաններին, որոշներին էլ վիրավորել։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG