Մատչելիության հղումներ

Հրանտ Մաթևոսյանն այսօր էլ ամենաընթերցվող հեղինակներից է


15 տարի առաջ իր երկրային կյանքը ավարտեց մեր մեծագույն գրողներից Հրանտ Մաթևոսյանը:

Նրա թողած ստեղծագործական ժառանգությունը՝ նրա գրականությունը ընթերցողին նորանոր բացահայտումներ բերեց այս ընթացքում: Եվ նրա գրչընկերները համոզված են, որ Մաթևոսյանն այսօր էլ ամենաընթերցվող հեղինակներից է:

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոսյանի խոսքով, գրողի մահվանից հետո անցած այս 15 տարիների ընթացքում լույս տեսած մի շարք ժողովածուներին շատ շուտով կհաջորդեն նորերը․ - «Անտիպները լույս են տեսնում: Երկհատորյակը տպարանում ա, հենց հիմա դուրս ա գալու՝ Մշակույթի նախարարության հովանավորությամբ․․․ Իրենից հետո երկհատորյակն է տպվել, «Նանա իշխանուհու կամուրջն» է տպվել, անտիպներն են հիմա տպվում: Ու էլի է ունենալու․ մանկապատանեկան գրականությունը տպելու բաներ ունենք, թարգմանության ծրագրեր ունենք»:

Կոմիտասի անվան պանթեոնում գրողի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել այսօր գրողներ, մտավորականներ, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նրանից լրագրողները փորձեցին պարզել, թե երբ ի վերջո կկառուցվի Հրանտ Մաթևոսյանի թանգարանը կամ նրա անունը կրող մշակութային կենտրոնը, որը փաստորեն այդպես էլ չկառուցվեց այս 15 տարիների ընթացքում:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը բավականին լուրջ ուշադրություն է դարձնում Հրանտ Մաթևոսյանի և՛ գրական ժառանգությանը, և՛ ընդհանրապես մշակութային ժառանգությանը՝ կառուցելով մաթևոսյանական կենտրոնը Երևանում, հրատարակելով գրքերը: Հույս ունենք, որ հաջորդ տարիներին կլինեն նաև նրա ստեղծագործություններով նկարահանվող ֆիլմեր», - ասաց նախարարը՝ կենտրոնի շինարարության առնչությամբ հավելելով․ - «Քննարկել ենք նաև քաղաքաշինության պատասխանատուի հետ, պարոն Սարգսյանի հետ: Եվ հաջորդ տարի աշխատանքները ավելի լուրջ թափ կստանան»:

Գրողի տիկինը՝ Վերժինե Մովսիյանը երազում է տեսնել մշակութային այդ կենտրոնը՝ Մաթևոսյանի անունը կրող թանգարանը, գոնե առաջիկա տարիներին․ - «Կյանքը անցնում է, մենք ծերանում ենք: Ես կուզենայի, որ այս սերունդը կենդանության ժամանակ տեսներ հարգանքի այն տուրքը, որին ինքը արժանի էր: Ես 80-ամյակի կապակցությամբ նախագահին ասել եմ՝ պարոն Սարգսյան, ոչինչ չեմ ուզում, ոչ մի միջոցառում մի արեք 80-ամյակին, ամբողջ գումարը թող մնա, որ թանգարանի կառուցման համար լինի դա: Ինքը ասել է՝ այո: Ինչպես տեսնում ենք, դեռ շատ բան կա էնտեղ [անելու]: Ես ուզում եմ, որ դա լինի մեր մտավորականության հավաքատեղի, հավաքվեն, միջոցառումները ծառայեն մեր ապագա սերնդի դաստիարակությանը: Շատ բան եմ ուզում: Բայց ես վախենում եմ, որ չտեսնեմ էս բոլորը:

Բանասիրական գիտությունները դոկտոր, պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանն ասաց․ - «Նա իր ապրած դարաշրջանը փաստորեն անմահացրել է իր ստեղծագործություններով: Ես կարծում եմ, որ Մաթևոսյանը պիտի ավելի շատ թարգմանվի»:

«Հրանտ Մաթևոսյանն այն արձակագիրն է, որ կունենա հետևորդներ: Հրանտ Մաթևոսյանը իսկապես հավաքական մի կերպար է մեր գրականության, դարերով կչափվի նրա մեծությունը», - ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Յուրաքանչյուրն իր հոգու խոսքն ունի գրողին: Ի դեպ, ուշագրավ է, որ Հրանտ Մաթևոսյանն առաջինն ինքն է առանձնացրել այսօր արդեն հայտնի հեղինակներից մի քանիսին:

Արձակագիր Գուրգեն Խանջյանն ասաց․ - «Հրանտ Մաթևոսյանը այն մեծ գրողն էր, որ կարողանում էր գնահատել․․․ Շատ դժվար ա, դժվարանում են իրենց կողքին կանգնած գրողին գովեստի խոսքեր ասել, բայց ինքը չէր վախենում: Ինքը գիտեր երբ ինչ ասի, որ չվնասի, հակառակը՝ օգուտ տա: Շատ նրբանկատ մարդ էր․․․ Ես շատ երջանիկ եմ, որ իմ մեջքին Հրանտ Մաթևոսյանի պես արձակագիր էր կանգնած»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG