Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփ․ Ռուսաստանն ու Չինաստանն են ԱՄՆ-ի երկու հիմնական մրցակիցները


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակում է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, Վաշինգտոն, 18-ը դեկտեմբերի, 2017թ․
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակում է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, Վաշինգտոն, 18-ը դեկտեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների անվտանգության նոր ռազմավարության հիմքում նախագահ Թրամփի նախընտրական կարգախոսն է՝ "America first"` «Նախևառաջ Ամերիկան»: Երեկ, հրապարակելով փաստաթուղթը, Սպիտակ տան ղեկավարը պնդեց՝ Չինաստանն ու Ռուսաստանն են Նահանգների երկու հիմնական մրցակիցները, զգուշացնելով՝ Ամերիկան խաղի մեջ է և պատրաստվում է հաղթել:

«Մրցակից երկրները՝ Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են մարտահրավեր նետել ամերիկյան ազդեցությանը, արժեքներին ու հարստությանը: Մենք կփորձենք համագործակցել այս և մյուս երկրների հետ, սակայն այնպես, որ դա մշտապես բխի մեր ազգային շահից», - հայտարարեց Դոնալդ Թրամփը:

«Չինաստանն ու Ռուսաստանը հաստատակամորեն ուզում են ավելի անազատ ու անարդար դարձնել տնտեսական դաշտը, ավելացնել ռազմական ներուժը և վերահսկել տեղեկատվական հոսքերը՝ իրենց երկրում հասարակությանը ճնշելու և երկրից դուրս ազդեցությունն ընդլայնելու համար», - ասված է Նահանգների ազգային անվտանգության նոր՝ 68-էջանոց հայեցակարգում: Ամերիկային սպառնացող վտանգների շարքում են նաև Հյուսիսային Կորեան, Իրանն ու ծայրահեղական ահաբեկիչները, փաստեց նախագահ Թրամփը՝ խոստանալով անողոք պայքար հանուն Նահանգների անվտանգության:

«Ամերիկան և մեր դաշնակիցները կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը հասնելու համար, որպեսզի այդ վարչակազմը այլևս չկարողանա սպառնալ աշխարհին: Այս խնդրով վաղուց էր պետք զբաղվել՝ իմ նախագահությունից առաջ դեռ, երբ լուծումը շատ ավելի հեշտ էր, սակայն դա չի արվել, և մենք ստիպված ենք հիմա դրանով զբաղվել, մենք այլընտրանք չունենք», - ասաց ԱՄՆ նախագահը:

Նախորդ վարչակազմերին ուղղված այս քննադատությունը միակը չէր. Թրամփը ելույթի մի ծավալուն մասը նվիրեց իր նախորդներին՝ պնդելով, թե նրանց վարած քաղաքականության արդյունքում Նահանգներն ավելի խոցելի է դարձել՝ աշխարհի կողմից մեկուսացած երկրները սկսել են միջուկային ծրագրեր զարգացնել, ծայրահեղ ահաբեկչությունը ծաղկել ու բարգավաճել է: «Տարիներ շարունակ մեր քաղաքացիները հետևում էին Վաշինգտոնում նստած քաղաքական գործիչների՝ մեկը մյուսին հաջորդող հիասթափեցնող քայլերին, ես նման բան չեմ հանդուրժի», - հայտարարեց Թրամփը, միաժամանակ ընդգծելով՝ սպառնալիքները միայն արտաքին աշխարհից չեն:

«Ամերիկան չի կարող անվտանգ լինել, քանի դեռ պաշտպանված չեն երկրի սահմանները», - ասաց Միացյալ Նահանգների նախագահը: - «Առաջին անգամ անվտանգության ռազմավարությունը ներառում է նաև մեր հայրենիքը պաշտպանելու լուրջ ծրագիր, որը կոչ է անում պատ կառուցել մեր հարավային սահմանին, վերջ տալ շղթայական միգրացիային և վիզաների խաղարկության սարսափելի ծրագրերին, վերացնել սողանցքները, որոնք թուլացնում են մեր անվտանգությունն ու լրջորեն աջակցել մեր սահմանապահներին, իրավապահներին ու ներգաղթի հարցերով զբաղվող պաշտոնյաներին»:

Նահանգների անվտանգության նոր դոկտրինը կառուցված է 4 հիմնասյուների վրա՝ իսլամական ահաբեկչության դեմ պայքար ու միգրացիոն հոսքերի վերահսկողություն, էներգետիկ անվտանգություն, բանակի լիակատար արդիականացում ու աշխարհում Ամերիկայի ազդեցության ընդլայնում:

«Մենք համոզված ենք, որ թուլությունը հաստատ հանգեցնելու է հակամարտության, և որ անհաղթելի հզորությունն է պաշտպանության ամենագործուն միջոցը: Այդ իսկ պատճառով, մեր ռազմավարությունը ետ է կանգնում պաշտպանության ծախսերը կրճատելու վնասարար ծրագրերից, մենք պատրաստվում ենք դրանցից ձերբազատվել», - շեշտեց Դոնալդ Թրամփը:

Մոսկվան ու Պեկինը հակադարձում են

Չինաստանի ու Ռուսաստանի արձագանքը չուշացավ:

«Թրամփի ռազմավարությունը ցույց է տալիս, որ Նահանգները մտադիր չէ հրաժարվել միաբևեռ աշխարհից», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Անշուշտ, մենք չենք կարող համաձայնել պնդումներին, թե Ռուսաստանը սպառնալիք է Նահանգների անվտանգությանը: Ընդհանուր առմամբ, ակնհայտ է փաստաթուղթի կայսերական բնույթը, ակնհայտ է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հրաժարվել միաբևեռ աշխարհից, ընդ որում՝ ակնհայտ է, որ Նահանգները հաստատակամորեն չի ուզում ընդունել բազմաբևեռ աշխարհի գաղափարը», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Չինաստանն էլ հորդորել է Թրամփին մրցակիցներ փնտրելու ու պայքարելու փոխարեն համագործակցել: Դրանից կշահեն բոլոր կողմերը՝ հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Հուա Չյունինգը:

«Չինաստանի ու Միացյալ Նահանգների համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է, որը կարող է տանել ավելի լավ ապագայի: Զարմանալի չէ, որ երկու տերությունները կարող են տարաձայնություններ ունենալ, սակայն նրանք պետք է կառուցողական քայլեր ձեռնարկեն ու համարժեք արձագանքեն դրանց՝ հարգելով միմյանց շահերն ու հիմնական մտահոգությունները: Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին չաղավաղել Չինաստանի ռազմավարական նպատակները և հրաժարվել սառը պատերազմի հնացած գաղափարներից: Հակառակ դեպքում Նահանգները կվնասի ինքն իրեն ու աշխարհի մյուս պետություններին», - ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Միացյալ Նահանգների անվտանգության հայեցակարգը պաշտոնական փաստաթուղթ է, որ Ռոնալդ Ռեյգանից հետո ներկայացնում է Ամերիկայի յուրաքանչյուր նախագահ, որպես կանոն՝ չորս տարին մեկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG