Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հաղորդում է, որ ՍԱՊԾ տեսուչները, պետական վերահսկողության շրջանակներում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում, Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը:
«Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Արման և Գեղամ Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: Ուղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման: Մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության», - ասված է հաղորդագրությունում:
Նախատոնական առևտրի ակտիվացմամբ պայմանավորված՝ ՍԱՊԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է սպառողներին, միս գնելիս անպայման պահանջել և ծանոթանալ անասնաբուժասանիտարական ուղեկցող փաստաթղթերին, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին»՝ 010 206040 հեռախոսահամարով:
Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ կանխվել է տավարի մսի անվան տակ 888 կգ ավանակի և ձիու մսի իրացումը։