«Ազատությանը» տված հարցազրույցում Ռոուզ Գոթեմյոլերը ընդգծեց, որ չի նկատել, թե Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, որպեսզի Երևանը հետ կանգնի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները զարգացնելուց․ - «Կարծում եմ, համագործակցության լավ, համապատասխան մակարդակ ունենք: Մեր համագործակցությունն արտացոլում է այն, ինչով Երևանի շահագրգռված է ու կյանքի է կոչում: Ներկայում Հայաստանը շատ լուրջ նպատականեր ունի՝ բարեփոխել ողջ Կառավարությունը: Հայաստանը շարժվում է դեպի խորհրդարանական համակարգ, որի պարագայում խորհրդարանը վերահսկելու է, օրինակ, զինված ուժերը: Կան որոշակի բնագավառներ, ուր ՆԱՏՕ-ն կարող է փորձագիտական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին, և մենք մեր հարաբերությունները դիտարկում ենք որպես լավ հարաբերություններ, որովհետև մենք կարող ենք միասին աշխատել այն առաջնահերթությունների ուղղությամբ, որոնք սահմանել է Երևանը: Սակայն ցանկանում եմ ընդգծել՝ ամբողջովին Երևանի որոշումից է կախված ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման արագությունը, ինտենսիվությունը»:
Երեկ իր նստավայրում ընդունելով Գոթեմյոլերին՝ նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն, և շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:
«Ես իրոք տպավորված եմ նրանով, ինչ նախորդ տարիներին արել է Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով՝ հաշվի առնելով այն, որ Երևանը պարտավորվել է լրացուցիչ զորքեր ուղարկել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաև Կոսովո՝ KFOR-ին, և հայաստանյան այս ուժերը ավելի շատ են, քան ՀԱՊԿ անդամ որևէ այլ երկրի: Կարևոր է գնահատել և ընդգծել այն, ինչ Հայաստանն արդեն իսկ արել է», - ասաց Գոթեմյոլերը:
«Ազատության» հարցին, թե արդյոք Կրեմլի կողմից որևէ ճնշում զգացել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքում, Ռոուզ Գոթեմյոլերն արձագանքեց․ - «Ոչ: Սա կարճ պատասխան է, բայց այն ճիշտ է»:
Հաջորդ հարցին, թե հնարավոր համարում է նման ճնշումը, նա պատասխանեց․ - «Անշուշտ, Կրեմլից է կախված: Իրենք իրենց կարծիքն ունեն, սակայն կարևոր եմ համարում ընդգծել, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի կայացրած որոշումներով է կողմնորոշվում: Գիտեմ, որ Հայաստանը ամուր հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և, կրկին, մեր կարծիքով, Հայաստանը պետք է որոշի, թե ինչպես զարգացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մեր կարծիքով, սա այն տարբերակը չէ, երբ մեկը շահում է, մյուսը կորցնում»:
Գոթեմյոլեր․ ԼՂ հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա
Ռոուզ Գոթեմյոլերն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտությանը՝ ներկայացնելով Հյուսիսատլանտյան դաշինքի դիքորոշումը՝ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով․ - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշումն է, որ հակամարտությունը պետք է դիվանագիտական ճանապարհով խաղաղ լուծում ստանա: ՆԱՏՕ-ն կարծում է, որ շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները սերտորեն աշխատեն միասին: Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստում էի, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ներկայացուցիչը հանդիպեցին ու շատ լավ հայտարարություն ընդունեցին: Հանդիպեցին նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Հոկտեմբերին հանդիպել էին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Հույս ունենք, որ այս ամենը նոր հնարավորություն է ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: ՆԱՏՕ-ն ուղղակի դերակատարություն չունի նման դիվանագիտության մեջ, մենք աջակցում ենք [հակամարտության կարգավորմանը միտված] դիվանագիտական ջանքերին: Այս առումով մեր դիրքորոշումը խիստ հաստատուն է, և հստակ է, որ մենք չենք ցանկանում տեսնել ռազմական գործողությունների վերսկսում, դա լավ չէ ոչ մեկի համար»: