Մատչելիության հղումներ

Ուսանողները չեն ընդունում իշխանության կոչն ու շարունակում են հացադուլը


Իշխանությունները «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին կոչ են անում դադարեցնել երեկվանից մեկնարկած հացադուլն ու վերադառնալ բանակցությունների սեղանին։ Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ուսանողների հետ խորհրդարանում կազմակերպված կլոր սեղան ձևաչափով նախորդ հանդիպմանը դրական առաջընթաց է արձանագրվել և որ Կառավարությունն այժմ էլ պատրաստ է շարունակել քննարկումները։

«Հիմա էլ խնդրում եմ իրենց դադարեցնել հացադուլը, վերադառնալ կառուցողական փուլ», - ասաց նա:

Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Հրայր Թովմասյանն էլ ընդգծեց՝ բանակցությունները միշտ էլ նախընտրելի են բողոքի ծայրահեղ միջոցներից: - «Ինչ-որ լուծումներ, իմ տպավորությունը այնպիսին էր, որ նշմարվում է: Կոչ եմ անում դադարեցնել հացադուլը և շարունակել քննարկումները արդյունավետ լուծումներ գտնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը:

Տարկետման իրավունքի պահպանման համար երեկվանից ԵՊՀ լսարաններից մեկում փակված Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանը մինչդեռ հայտարարում են, որ չեն դադարեցնելու հացադուլը և մտադիր են գիշերել ԲՈՒՀ-ում այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը չի բավարարել իրենց պահանջը։

«Մենք ասել ենք, որն է մեր պահանջը: Երբ որ սպառիչ պատասխան տան, նոր կմտածենք հետագա քայլերի մասին», - հայտարարեց Պետրոսյանը:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն առայժմ չի որոշել՝ կլինե՞ն արդյոք հացադուլին զուգահեռ բողոքի այլ ակցիաներ ևս։ Մի քանի ուսանողներ երեկ համալսարանում բողոքի ակցիա ու ֆլեշ մոբ էին իրականացրել, սակայն այսօր համալսարանի բակը դատարկ էր, չկային նաև նախաձեռնության համակարգող խմբի անդամները։ Նրանցից մեկը՝ Գարիկ Պետրոսյանը, այսօր «Ազատության» տաղավարում վստահեցրեց, որ շարժման համակիրները չեն նվազել: - «Քանակի հետ կապված՝ մեր հին համակիրները էլի ասում են, որ պատրաստ են գնալ, ուղղակի, եթե դուրս գանք հիմա փողոց ի՞նչ խնդիր ենք լուծելու: Հաստատ փողոց դուրս գալը ավելի մեծ քայլ չի լինելու, քան հացադուլը: Այսինքն, եթե հացադուլին պատասխան չի լինելու, նրան միանշանակ պատասխան չի լնի», - նշեց Պետրոսյանը:

Չնայած բանակցությունների վերադառնալու՝ հանրապետական պատգամավորների կոչին, Պաշտպանության նախարարությունը երեկ հրապարակեց ուսման նպատակով տարկետման պայմանագիր կնքելու կարգի նախագիծը։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքով, այս հրապարակմամբ ևս մեկ անգամ փաստվում է, որ իշխանությունները իրենց որևէ առաջարկ լսելու ցանկություն չունեն։ - «Դա մեզ համար նորություն չէ ու դա միայն Պաշտպանության նախարարության վարքագիծը չէ, դա ընդհանուր համակարգից է գալիս, որ համակարգը փակ է ու եթե մի բան որոշվել է, պատրաստ չեն քննադատության կամ ինչ-որ նոր առաջարկ լսելու», - հայտարարեց Պետրոսյանը:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները վերջին անգամ իշխանության ներկայացուցիչներից հանդիպել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ասում են՝ հացադուլի որոշումն այդ հանդիպման արդյունքում են կայացրել։

Նախարարից ուսանողները տեղեկացել են, որ նախկին կարգը չի վերականգնվելու և տարկետում տրվելու է սովորողների միայն որոշ խմբին։

«Օրենքում գրված է՝ «նշանակալի հաջողություն ունեցողներ», իսկ ոչ ոք չի ասում, թե դա ինչ է նշանակում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց նախաձեռնության անդամ Գարիկ Պետրոսյանը: - «Իսկ այս պահին նրանք անընդհատ ասում են, որ գիտության ոլորտում հանճարեղներին է միայն տրվելու տարկետում, այսինքն այդ հինգերորդ կետում գրվածը ևս, կարծում եմ, որ արդեն չի պահպանվում»:

Հացադուլի առաջին գիշերն ըստ Դավիթ Պետրոսյանի անցել է առանց միջադեպերի, համալսարանի անվտանգության աշխատակիցները լսարանն ազատելու կոչեր չեն արել, գործողությունների չեն դիմել։ Համարելով, որ ուսանողները արտաքին ուժերի առաջադրանք են կատարում՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ «Ազատության» հետ զրույցում վստահեցրել էր, որ հացադուլին որևէ կերպ չեն խոչընդոտելու:

Հիշեցնենք, նոյեմբերին Ազգային ժողովի ընդունած «Զինվորական ծառայության մասին» նոր օրենքի համաձայն տարկետում ցանկացող ուսանողները կարող են պայմանագիր կնքել Պաշտպանության նախարարության հետ՝ պարտավորվելով ուսումն ավարտելուց հետո բանակում երկուսի փոխարեն ծառայել երեք տարի: Հակառակ դեպքում՝ 18 տարին լրանալուց հետո բանակ կզորակոչվեն 2 տարի ժամկետով: Օրինագծի քննարկման ընթացքում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը մեկ շաբաթ դասադուլ հայտարարեց, Դավիթ Պետրոսյանը խմբի մի քանի այլ անդամների հետ մեկուկես օր հացադուլ անցկացրեց։ Բողոքի ակցիաները դադարեցին, երբ նախաձեռնող խումբը համաձայնեց իշխանության հետ կլոր սեղան ձևաչափով հանդիպման գնալ, որից հետո ուսանողները հայտարարեցին՝ տարկետում լինելու է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG