Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Վերջերս ընկերներիցս մեկն ինձ ուղարկել էր 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու գրածներից մի հատված, որտեղ նա նկարագրում է հին Հայաստանում տիրող ողբալի սոցիալական պայմանները:
Ընկերս մեկնաբանել էր՝ «Սուրբ Մովսեսը կարող էր այս խոսքերը հեշտությամբ գրել մեր հայ հոգևորականների, ղեկավարների, եկեղեցու, դատավորների, կազմակերպությունների և մեր մասին այսօր՝ 2017 թվականին, ինչպես արել է 5-րդ դարում: Իսկ ի՞նչ է փոխվել 1600 տարում և ի՞նչ կփոխվի: Իսկ եթե ոչինչ էլ չփոխվի՞: Իսկ եթե մենք այդպիսի՞ն ենք: Հայ ժողովրդի առջև ծառացած գլխավոր մարտահրավերն է, թե ինչպես գոյատևել և հաջողության հասնել միջազգային ասպարեզում և հույսը չկորցնել: Չնայած Սուրբ Մովսեսի նկարագրած մեր վատ բնավորությանը՝ այս փոքր ժողովուրդը ինչ-որ կերպ ուղի է գտել գոյատևելու և հասնելու մինչև մեր օրերը: Եկե՛ք չողբանք Հայաստանի վրա: Եկե՛ք ուրախանանք մեր երեխաներով, թոռներով և պայծառ ապագայով, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ստեղծել մեր ժողովրդի համար»:
Ստորև ներկայացվող մեջբերումը Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից է, իսկ գլուխը վերնագրված է՝ «Ողբ՝ Հայոց թագավորության Արշակունյաց ցեղից դադարելու մասին և եպիսկոպոսապետության՝ Սուրբ Գրիգորի տոհմից»:
Մովսես Խորենացին գրել է.
«Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:
Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ, բեմիդ բարեզարդությունից անշքացած, քաջ հովվից և հովվակցից զրկված: Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ ժողովված` գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում....
Ուսուցիչները` տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը:
Կրոնավորները` կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:
Հոգևորականները՝ հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:
Աշակերտները` սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած` աստվածաբան են։
Ժողովրդականները` ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, հարբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող:
Զիվորականները` անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից:
Իշխանները` ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ:
Դատավորները` տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող:
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած....
Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս: Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած. հավատը ծախվում է այստեղի ունայն կյանքի համար: Ասպատակություններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ: Աստվածապաշտությունը մոռացված է, դժոխքի ակնկալություն....»:
Այս «Ողբը» ինձ ուղարկած ընկերս, Մովսես Խորենացու՝ 1600 տարի առաջ Հայաստանում տիրող ողբալի վիճակի նկարագրությունը համեմատում է ընդհանրապես Հայաստանում և Սփյուռքում ներկայումս տիրող իրավիճակի հետ... Իհարկե, չի կարելի հայ հասարակության մեջ ընդհանրացնել բոլորին: Մեր հասարակության բոլոր հատվածներում կան բավականին շատ հարգելի բացառություններ՝ ուսուցիչների, հոգևորականների, զինվորականների, ուսանողների, դատավորների և ղեկավարների շրջանում:
Ես համաձայն եմ ընկերոջս հետ, երբ նա հույս է հայտնում, որ մեր ժողովուրդը կգոյատևի՝ չնայած բոլոր թերություններին ու անհաջողություններին և ի հեճուկս ներքին ու արտաքին բոլոր թշնամիների, ինչպես արել է դարեր շարունակ՝ սկսած այն ժամանակներից, երբ Մովսես Խորենացին գրել է իր խիստ քննադատական դիտողությունները...
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Facebook Forum