Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատրաստ է 2018-ին վարչապետի պաշտոնում առաջադրել նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Աշոտյանն ասաց՝ հաշվի առնելով անվտանգային, արտաքին քաղաքական և տնտեսական մարտահրավերները, լավագույն լուծումը կլիներ շարունակել սկսված աշխատանքը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
«Կարող եմ արտահայտել իմ անձնական տեսակետը, ինչը և արել եմ, այդ տեսակետը ոչ թե ՀՀԿ փոխնախագահի կամ ՀՀԿ տեսակետ է, այլ այս տեսակետը հանրապետական Աշոտյան Արմենի տեսակետն է։ Կարծում եմ, որ հաշվի առնելով անվտանգային, արտաքին քաղաքական և տնտեսական մարտահրավերները, լավագույն լուծումը կլիներ շարունակել սկսված աշխատանքը այն միջավայրում, որ մենք ունենք՝ և՛ ներքին, և՛ արտաքին, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Թե ինչպիսի քաղաքական կամ պետական նշանակում կա այս իմ ձևակերպման տակ, համբերեք, կիմանաք», - ասաց Աշոտյանը։
Ճշտող հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ կուսակցության փոխնախագահը վարչապետի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Աշոտյանը պատասխանեց. - «Եթե այդպիսի ձևաչափ կլինի, ես կարծում եմ, որ տարբեր կարծիքներ կլինեն, և այդ փոխանակումը կլինի։ Ես պատրաստ եմ նման առաջադրում և նման կարծիք հայտնելու՝ և՛ Ձեր եթերում, և՛ քննարկումներում, բայց, նորից եմ կրկնում, հեռուստասերիալների, հեռուստանովելների մեջ կարևոր մի ֆենոմեն կա, չէ՞՝ կարևորը՝ չփչացնել սյուժեն, չպատմել նախապես, անգլերեն ասում են՝ spoiler չանել, չեմ ուզում, որպեսզի այս ինտրիգն, այսպես ասած, spoil անի՝ փչացնի քաղաքական այն զարգացումների ընթացքը, որոնք տրամաբանական են լինելու և սահմանադրական։ Բայց մենք հիմա, այսպես ասած, «Կիկոսի մահ» հայտնի հեքիաթի սյուժեի մեջ ենք, որովհետև, ա՝ չկա այդ վերջնական որոշումը ապրիլի մասին, բ՝ չկա դեռևս նաև դիվանագիտական շրջանակների արձագանքը: Բայց կարող եմ ասել, որ, եթե խոսում ենք շատ տեսականորեն, ապա բացի նրանից, որ յուրաքանչյուր երկիրն է որոշում ինչ անել, որովհետև մենք մեզ, օրինակ, երբեք թույլ չենք տա, չէ՞, ասել, որ տիկին Մերկելի մոտ չստացվեց կոալիցիա ձևավորել, դա քաղաքական ֆիասկոյին մոտ է, եկեք թող ինքը չփորձի նորից կոալիցիա ձևավորել, ճիշտ հակառակը՝ հիմա մենք հարգելով նաև հայ-գերմանական այս դեպքում հարաբերությունների մեջ Գերմանիայի ինքնիշխանությունը և մեջբերելով, ի դեպ, այդ օրինակը որպես քաղաքական երկարակեցության ամենավառ ու արդյունավետ դրսևորումներից մեկը եվրոպական կամ արևմտյան քաղաքական մշակույթի մեջ, հենց այդ օրինակով ուզում եմ եզրափակել հարցը՝ տիկին Մերկելը պաշտոնավարում է արդեն 16 տարի, և կարծում եմ՝ այս տեսակետից իր քաղաքական երկարակեցությունը ոչ թե ինքնանպատակ է, այլ արդյունավետության դրսևորման հետևանք, նույնը լինելու է նաև Հայաստանում, որևէ ինքնանպատակ որոշում չի կայացվելու»։
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են 2018-ի ապրիլի 9-ին, Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման, որի պայմաններում պետության թիվ մեկ պաշտոնյան համարվում է վարչապետը։
Կիրակնօրյա վերլուծականն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.