Սպորտային հայտնի ESPN հեռուստաընկերությունը նախօրեին որոշ փակագծեր բացեց` պնդելով, թե Հայաստանի հավաքականի ավագը վիճել է «Մանչեսթր»-ի մարզիչ ժոզե Մոուրինյոյի հետ և այդ պատճառով է վերջին շաբաթներին դուրս մնում խաղերից` լավագույն դեպքում հայտնվելով պահեստայինների նստարանին: Հղում անելով իր աղբյուրներին` ESPN-ի ֆուտբոլային հավելվածը հաղորդում է. - «Մխիթարյանի և Մոուրինյոյի վեճը ծագել է անցած ամիս` նախորդ խաղերի տեսագրությունը վերլուծելու ժամանակ: Մոուրինյոն դժգոհ է եղել Մխիթարյանի խաղից «Բրայթոնի» հետ հանդիպմանը և ողջ թիմի առջև քննադատել է նրան` թույլ տված սխալի ու վատ պաշտպանության համար: Ըստ նույն աղբյուրի, Մխիթարյանն այդ քննադատությանը չի համաձայնել, պատասխան է տվել Մոուրինյոյին, և անգամ սենյակից դուրս` միջանցքում, շարունակել նրա հետ վեճը: Այս միջադեպից հետո Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի եկել և «Մանչեսթր»-ի վերջին ութ խաղերից միայն մեկին է մասնակցել:
Ու մինչ լրատվամիջոցները շարունակ գրում ու ենթադրում են, ինքը` Մխիթարյանը, ստեղծված իրավիճակի, Մոուրինյոյի հետ հնարավոր տարաձայնությունների կամ «Մանչեսթր»-ից հեռանալու մասին չի խոսում. վերջին շաբաթներին նա սոցիալական կայքերում գրառումներ չի անում, հարցազրույց չի տալիս: Մոուրինյոն, հակառակը, չի թաքցնում դժգոհությունն ու հրապարակավ հայտարարում է` «Մանչեսթր»-ում կան Մխիթարյանից ավելի արժանավոր ֆուտբոլիստներ:
«Ես կարող եմ միայն 6 խաղացող ունենալ պահեստայինների նստարանին և փորձում եմ միշտ այստեղ հավասարակշռություն պահպանել: Երկու պաշտպան ունեմ, ովքեր կարողանում են խաղալ տարբեր դիրքերում: Էշլի Յանգը լավ է գործում եզրում, Անդեր Էրերան՝ կիսապաշտպանությունում, Զլատան Իբրահիմովիչը հարձակվող է, իսկ Մարկուս Ռեշվորդը՝ երկրորդ հարձակվողն ու եզրայինը: Եթե ես Մխիթարյանին ընդգրկեմ թիմում, ուրեմն պետք է այս խաղացողներից մեկին դուրս թողնեմ, մինչդեռ, կարծում եմ, որ այս ֆուտբոլիստներն ավելի արժանի են լինել թիմի կազմում: Նրանք վաստակել են իրենց տեղը», - հայտարարել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչը:
Շաբաթավերջին Մոուրինյոն ավելի հեռուն գնաց ու հայտարարեց, թե չի բացառում, որ ոմանք կարող են տեղափոխվել, եթե նրանց համար լավ գումար առաջարկեն:
«Եթե ֆուտբոլիստը գոհ չէ, և բերում է այն գումարը, որը մեր կարծիքով լավ է մեզ համար, ես չեմ հրաժարվի: Սա է իմ դիրքորոշումը որպես մենեջեր` յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի», - նախօրեին ասել է Մոուրինյոն:
Անդրադառնալով պորտուգալացու այս հայտարարություններին` հեղինակավոր Telegraph-ը գրում է․ - «Անցած տարի՝ մոտավորապես այս ժամանակ, ժոզեն հաստատակամ համոզում էր, թե չի փորձում դուրս մղել Մորգան Շնեդերլենին կամ Մեմֆիս Դեպային «Օլդ Թրաֆորդ»-ից: Իրականում, սակայն, նրանց դիրքերը «Մանչեսթր»-ում այնքան էին թուլացել, որ ի վերջո տեղափոխությունը դարձավ միակ տրամաբանական լուծումը: Մոուրինյոն նույն տոնով խոսեց նաև անցած ուրբաթ, երբ հայտարարեց, թե դեմ չի լինի, եթե «Մանչեսթր»-ից դժգոհ ֆուտբոլիստները հեռանան:
Սա փորձված ու աշխատող ռազմավարություն է` պատասխանատվությունը դնել ֆուտբոլիստի վրա և միաժամանակ ստեղծել այնպիսի պայմաններ, որ նա հայտնվի անելանելի դրության մեջ», - արձանագրում է Telegraph-ը:
«Յուրահատուկի» այս մարտավարությունը նաև ծաղրանկարների թեմա է դարձել: Մարզական հայտնի Bein sports հեռուստաընկերությունը Մխիթարյանին պատկերել է կալանավորված` Մոուրինյոյի կողմից պատժված մյուս ֆուտբոլիստների կողքին:
Goal.com-ի հայտնի երգիծաբան Օմար Մոմանին էլ` «Կար, հիմա չկա» ծաղրանկարի հետ «Թվիթեր»-ում հռետորական հարց է հնչեցրել․ - «Արդյո՞ք սա Մխիթարյանից ազատվելու ծրագիր չէ»:
Դեռևս անպատասխան այս հարցերն էլ ավելի են սրել կուլիսներում շրջանառվող խոսակցությունները, որոնց համաձայն Հայաստանի հավաքականի ավագն արդեն հունվարին կարող է այլ ակումբ տեղափոխվել: Իտալական Corriere dello Sport-ը պնդում է` Մխիթարյանի համար բանակցում են «Մանչեսթր»-ն ու «Ինտեր»-ը: «Յունայթեդի» պորտուգալացի մարզիչը ցանկանում է նրան փոխանակել «Ինտերի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիուի հետ: Հաղորդվում է, որ Մոուրինյոն իր թիմի կազմում ուզում է տեսնել նաև «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, և չի բացառվում, որ ի վերջո նա փոխարինի Մխիթարյանին «Կարմիր սատանաների» ակումբում: Գերմանական լրատվամիջոցներն էլ գրում են, թե Մխիթարյանը կարող է Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալ, որտեղից մեկուկես տարի առաջ եկել էր «Մանչեսթր»`ավելի քան քառասուն միլիոն դոլարի դիմաց:
Հիշեցնելով Մխիթարյանի հաջող մեկնարկը, փայլուն գոլերն ու մտածված, արագ փոխանցումները` Telegraph-ը փաստում է․ ինչպես այն ժամանակ, հիմա էլ Մխիթարյանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, մի շարք ակումբներ ուշադրությամբ հետևում են ստեղծված իրավիճակին:
«Պնդումները, որ Մխիթարյանը վերջին շրջանում տքնաջան աշխատում է և նույնիսկ հանգստյան օրերին մարզվում` Մոուրինյոյի վստահությունը հետ բերելու համար, անտեսում են փաստը, որ նա միշտ է այդպես, եռանդուն աշխատել», - գրում է բրիտանական պարբերականը շարունակելով․ - «Դորտմունդի մարզիչ Թոմաս Տուխելը պատմել էր, թե ինչպես է մի օր` եվրոպական մի խաղից հետո` առավոտյան չորսին, Մխիթարյանին տեսել մարզասրահում, այն դեպքում, երբ մյուս ֆուտբոլիստները վաղուց արդեն տուն էին գնացել: Կլոպը ևս ասում էր` նա անողոք ու խիստ պահանջկոտ է իր անձի նկատմամբ:
Մխիթարյանի դեպքում պրոֆեսիոնալիզմը երբեք հարցականի տակ չի եղել, այլ հարց է` արդյոք Մոուրինյոն ու Մխիթարյանը համատեղելի են ֆուտբոլի նկատմամբ իրենց վերաբերմունքով», - եզրափակում է բրիտանական Telegraph-ը: