Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանի կարծիքով Հայաստանի նման երկրներում սոցիալական խնդիրների լուծման համար պետք չէ աշխատավարձերն արհեստականորեն բարձրացնել։
«Ազատության» հետ զրույցում Հարությունյանն ասաց՝ իհարկե, բացասական է, որ հաջորդ տարի աշխատավարձերի ու կենսաթոշակների դրույքաչափը չի բարձրանա, սակայն սոցիալական խնդիրների լուծման այլ տարբերակ էլ կա․ - «Լուծումը՝ արտադրողականության բարձրացումն է։ Սա աղերս ունի ներդրումների հետ, ժամանակակից տեխնոլոգիաների հետ, որովհետև ինչքան ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած աշխատատեղեր, այնքան բարձր արտադրողական, հետևաբար ավելի մատչելի՝ շուկայական մրցունակության տեսանկյունից»։
Պաշտոնական վիճակագրության համաձայն 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական հատվածում աշխատողների միջին աշխատավարձը նվազել է 0.1 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ այն աճել է 3.6 տոկոսով։ Խոսրով Հարությունյանը պնդում է՝ Կառավարության ջանքերի շնորհիվ է, որ աշխատավարձերը մասնավոր հատվածում բարձրացել են․ - «Պետությունը իր քաղաքականությամբ նպաստում է, որպեսզի մասնավորի ապրանքը լավ իրացվի (պայմանական բաներ եմ ասում), նոր հնարավորություններ է տալիս արտահանման համար, արտահանման ծավալների ավելացումը հնարավորություն է տալիս եկամուտները ավելացնել մասնավորում, նա շահույթ է ստանում և աշխատավարձը բարձրացնում է։ Պետությունն այստեղ մասնակցություն չունի՞»։
Աշխատավարձերի ու կենսաթոշակների մասին օրերս խոսեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասաց, թե երկրում աշխատավարձերի բարձրացման տեմպն ավելի մեծ է, քան գնաճը։ Շոշափելի գնաճ չունենք՝ շեշտեց Հայաստանի ղեկավարը։ Ապրանքների թանկացումը էական ազդեցություն չի կարող ունենալ ոչ թռիչքային գնաճի, ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով՝ համոզված է նախագահ Սարգսյանը։
Մինչդեռ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդում է՝ պետության ջանքերը բավարար չեն, և գնաճն իրականում զգալի ազդեցություն կունենա Հայաստանի քաղաքացիների վրա։ Տնտեսագետն ասում է՝ Կենտրոնական բանկը 2018-ին մինչև 2 տոկոս ինֆլյացիա է կանխատեսում, ինչը նշանակում է, որ հայաստանցիների կյանքի մակարդակը դժվար թե լավանա, եթե, իհարկե, աշխատավարձից բացի հավելյալ եկամուտներ չունեն․ - «Սովորաբար պետական պաշտոնյաներն են սա օգտագործում, նաև մի քանի հայտարարություն է եղել բյուջեի գնահատականի հետ կապված, որ ժողովուրդը ավելի վատ չի ապրի, չի աղքատանա։ Ես ասում եմ, որ ժողովուրդը ավելի վատ կապրի, ավելի աղքատ կապրի, որովհետև բյուջեն այդպիսի թվեր է հրապարակել։ Նորից կրկնում ենք՝ աշխատավարձ չի բարձրանում, կենսաթոշակ չի բարձրանում, նպաստ չի բարձրանում, իսկ երբ մենք նայում ենք աղքատության պատկերը, թե ովքեր են այդ 29,4 տասնորդական տոկոս մարդիկ, հիմնականում նրանք կենսաթոշակների և աշխատավարձերի հաշվին ապրող մարդիկ են, և քանի որ նրանց ռեալ եկամուտները նվազելու են՝ ինֆլյացիան ավելի բարձր է քան անվանական աշխատավարձի բարձրացումը, կստացվի, որ աշխատավարձը չբարձրացնելով՝ ռեալ աշխատավարձերի նվազում է տեղի ունեցել»։