Մատչելիության հղումներ

Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումների նախագծերի փաթեթը


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը իրավական ակտերի, նախագծերի միասնական e-draft.am կայքում երեկվանից քննարկման է դրել Կառավարության որոշումների մի փաթեթ, որոնցով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում:

Ուշագրավ է, որ ընդամենը երեկ տեղադրված այս նախագծին դեմ է քվեարկել կայքէջում քվեարկածների ավելի քան 90 տոկոսը։

Կառավարությունն ըստ էության մեկ հիմնավորում է բերում՝ Հայաստանում աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգավոր է, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: «Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում»,-նշվում է այս նախագծի հիմնավորման մեջ։ Կառավարությունն իր որոշման նախագիծը ըստ էության համաձայնեցնում է ԵԱՏՄ փաստաթղթերին:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը, ով ևս դեմ քվեարկել Կառավարության նախագծին, ընդգծում է՝ գործադիրի հիմնավորումների մեջ բացակայում են թվերը։ - «Չկա որևէ փաստ, թե ինչպես են աջ ղեկով ավտոմեքենաները վտանգավոր իրավիճակներ ստեղծում», - ասում է Հովհաննիսյանը և պնդում՝ քանի դեռ չկա նման վիճակագրություն՝ հայտարարել, թե աջ ղեկով ավտոմեքենաներով երթևեկությունը դառնում է վտանգավոր, ճիշտ չէ։ - «Երբևիցե ճանապարհային ոստիկանությունը տրամադրե՞լ է, մի ցանկ, որտեղ հաշվառված լինի՝ ինչքան վթար են կատարել աջ ղեկով մեքենաները։ Կարո՞ղ եք ասել։ Ո՛չ։ Տրանսպորտի նախարարն էր հայտարարում՝ Ճանապարհային ոստիկանությունը ուսումնասիրություն է իրականացրել և ցանկը կհրապարակի, մենք էլ դրան սպասում ենք։ Չհրապարակեցին։ Նախարարն էլ ի՞նչ հայտարարեց՝ անհոգ եղեք, ոչ ոք չի տուժելու»։

Կառավարության այս մտադրությունը քննադատության է արժանացել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ օգտատերերը ևս մատնանշում են վիճակագրության բացակայությունը։ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը պնդում է՝ Կառավարությունը ոչ թե վտանգների մասին է մտածում, այլ մասնավոր բիզնեսի։ Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելուց հետո մարդիկ ստիպված կլինեն ավտոմեքենաներ գնել Հայաստանում գործող թանկարժեք ավտոսրահներից։ - «Ո՞վ է շահում․ միայն խոշոր ներկրողները։ Ոչ ոք սալոններից մեքենա չի գնում, դա է խնդիրը»:

«Աջ ղեկ» ֆեյսբուքայն շարժման կոորդինատոր Գևորգ Աճեմյանն «Ազատության» հետ զրույցում ևս պնդում է՝ իշխանությունը սրանով կխթանի միայն մասնավոր բիզնեսը։ Աճեմյանը նշում է, որ միակ պատճառը ԵԱՏՄ պահանջն է, որ իշխանությունները մտադիր են կատարել․ - «ԵԱՏՄ մտել ենք 1 տարի առաջ, և պահանջները նույնպես նույն ժամանակ սկսվեցին։ Կարելի էր, օրինակ, 4-5 տարի առաջ դա սկսել, ոչ թե հիմա։ Եթե չէիք թողնում, թող չթողնեիք մի քանի տարի առաջ։ Հետևաբար, կարելի է այս հարցով մի քիչ փափուկ մոտեցում ցուցաբերել, չբռնել դանակի մի հատվածով կտրել՝ վերջ, արգելում ենք»:

«Աջ ղեկ» ֆեյսբուքյան շարժման կոորդինատորն ասում է, որ աջ ղեկով մեքենաներն ավելի էժան են, իսկ նույն մեքենայի մաքսազերծումը կիսով չափ պակաս արժե: Հայտնեց, որ պատրաստվում են բողոքի ակցիաներ նախաձեռնել՝ որպեսզի այս նախագիծն ուժի մեջ չմտնի։

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ աջ ղեկով վթարների մասին վիճակագրություն կտրամադրեն առաջիկա երկուշաբթի։

Երկու ամիս առաջ, սակայն, ոստիկանությունը «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել էր, որ աջ ղեկով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ Ճանապարհատրանսպորտային պատահարների առանձին վիճակագրություն վերջին 10 տարում չի տարվել։ Որոշակի վերլուծություն է կատարվել միայն այս տարվա ընթացքում տեղի ունեցած վթարների մասով, հաշվարկներն էլ վերջնական չեն։

Ոստիկանության նախնական հաշվարկով՝ Հայաստանում շահագործվում է մոտ 30 հազար աջ ղեկով մեքենա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG