Մատչելիության հղումներ

Խոսրով Հարությունյանի մոտ ամրապնդվել է կարծիքը, որ ապրիլից Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետի պաշտոնը


Նախագահ Սերժ Սարգսյանի, «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը դիտելուց հետո Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի մոտ ամրապնդվել է տպավորությունը, որ Սերժ Սարգսյանը հաջորդ տարվա ապրիլից՝ նախագահի լիազորությունների ավարտից հետո իր պաշտոնավարումը կշարունակի նաև որպես վարչապետ:

Սերժ Սարգսյանը երեկվա հարցազրույցում կրկին չէր մանրամասնել, թե ինչով է զբաղվելու հաջորդ տարվա ապրիլի 9-ից հետո: - «Չեմ սեթևեթում, չեմ ծանրացնում, չեմ թեթևացնում, ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարժվենք առաջ», - նշել էր նա: Լրագրողի ճշտող հարցին՝ կշարունակի՞ մնալ քաղաքականության մեջ, Սերժ Սարգսյանն արձագանքել էր՝ «տեսնենք, տեսնենք»:

«Ես նույնիսկ պատասխանը չեմ փնտրում: Հավատացնում եմ Ձեզ՝ դա ինտրիգ էլ չի: Մի շտապեք, մի փորձեք արագացնել: Ամեն ինչը կլինի այնպես, ինչպես պետք է լիներ: Որովհետև այս սեղանին դրված այս իմ հարցադրումները պատասխաններ են պահանջում, և պատասխանն էլ ակնհայտ է: Դրա համար ես կարծում եմ, որ մենք առանձնապես անակնկալներ 2018 թվականին չենք տեսնելու», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Խոսրով Հարությունյանը: - «Ես կարծում եմ՝ ամենահավանականը և տրամաբանականը, օբյեկտիվ իրավիճակից ելնելով, դա այն է, որ նա [Սերժ Սարգսյանը] կշարունակի իր ստանձնած պատասխանատվությունը իրականացնել: Ըստ էության ոչ միայն երեկվա, այլ միշտ եմ ստացել այդ տպավորությունը, բայց երեկվանը՝ առավել ևս»:

ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, ասում է՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին խոսող հանրապետականները նախ պետք է բացատրություն գտնեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ նրա արած հայտարարության վերաբերյալ:

«Լավ կլինի, որ ոչ թե քննարկեն հանրապետականների հետ Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածու առաջադրվել-չառաջադրվելու պահը, այլ փորձեն քննարկել նրա հետ 2014 թվականի ապրիլին տված հարցազրույցը, որտեղ նա, երբ խոսում էր սահմանադրական փոփոխությունների մասին, հայտարարեց, որ ինքը սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի կարգավիճակին չի հավակնելու, իսկ եթե ընտրվի խորհրդարանական կառավարման մոդելը, չի հավակնելու նաև վարչապետի կարգավիճակին: Հիմա ի՞նչ, Հանրապետական կուսակցությունը ուզում է ասել, որ Սերժ Սարգսյանը ստախո՞ս է», - հարց է բարձրացնում ընդդիմադիր գործիչը:

Խոսրով Հարությունյանն այսպես է բացատրում իր տեսակետը՝ կան հայեցակարգային նախաձեռնություններ, որոնց հեղինակը, կամ ինչպես հանրապետական պատգամավորն է ձևակերպում՝ հայրը, Սերժ Սարգսյանն է: Խոսրով Հարությունյանն ասում է՝ չի տեսնում երկրորդ պաշտոնյային, ով իր փորձառությամբ կարող է ստանձնել հետագա զարգացումների պատասխանատվությունը և միջազգային հարթակներում դիտվում է որպես վստահելի գործընկեր․ - «Մի պահ պատկերացնենք, թե այդ մարդը՝ ապագա վարչապետը, որը իր պատասխանատվությունների շրջանակով այսօրվա նախագահի պատասխանատվություններին չի զիջում, պատկերացնենք՝ այդ մարդը Հանրապետության գործող նախագահը չէ: Ես և Դուք պիտի մտածենք՝ ապա ո՞վ: Երբ ասացի՝ կան հայեցակարգային բնույթի նախաձեռնություններ, մոտեցումներ, որոնք ունեն իրենց հեղինակը, այսինքն՝ պատասխանատու, դերակատարում ունեցող անձ, քաղաքական բարձրաստիճա պաշտոնյա, որը այդ ամենի հեղինակն է, եթե կուզեք՝ հայրը: Ու սկսում եմ մտածել՝ այդ ո՞վ կարող է նրան փոխարինել: Համաձայնեք՝ գոնե մեկը, որը նույնչափ կարող էր հավակնել հետագա զարգացումների պատասխանատու դերակատարում ստանձնելու՝ իր կարողություններով, իր փորձառությամբ, իր հմտությամբ․․․ կներեք՝ ես այդ մեկին չեմ տեսնում»:

Փաշինյանը հակադարձում է Խոսրով Հարությունյանին․ - «Ես կարող եմ մի քանի ծրագիր նշել, մասնավորապես, երբ Սերժ Սարգսյանը 2008 թվականի հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը մի քանի ամսից սկսում է նոր ատոմակայանի շինարարությունը, երբ որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այն կառավարությունը, որը 7 տոկոսանոց տնտեսական աճ չապահովի, պետք է հրաժարական տա, երբ հայտարարում էր, որ Հայաստան – Իրան երկաթուղի է կառուցվելու»:

Ծավալուն հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել էր նաև Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու՝ «Ելք»-ի նախաձեռնությանը՝ շեշտելով՝ ընդդիմադիրների պահանջը ռացիոնալ չի համարում: Հիշեցնենք՝ խորհրդարանի իշխող ուժերը ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի հետ միասին մերժեցին ԵՏՄ-ից դուրս գալու՝ «Ելք»-ի առաջարկը: - «Բացարձակապես ռացիոնալություն չեմ տեսնում: Ես տեսնում եմ ուղղակի որոշակի շահերին ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց», - նշել էր Սարգսյանը:

«Ելք»-ից Էդմոն Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում, մինչդեռ, հակադարձում է՝ որևէ հիմնավոր փաստարկ չկա, որ ԵՏՄ-ում մնալը օգուտ է տալիս Հայաստանին:

«Մենք ասել ենք, որ որևէ հիմնավոր փաստարկ չկա Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու համար, որևէ վերլուծություն չկա առ այն, որ դա մեզ օգուտ է, ապրանքները թանկանալու են և դա գնաճի վրա ազդեցություն է ունենում, մարդկանց եկամուտները չեն ավելացել և չեն ավելանալու 2018 թվականին՝ դա նույնպես իր սոցիալական խնդիրն է առաջացնելու», - հայտարարեց Մարուքյանը: - «Ինչ վերաբերում է ինչ-որ շահերի ծառայելուն, ապա մենք շատ լավ գիտենք, որ մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծում է՝ ԵՏՄ-ից Հայաստանը միայն բացասական երևույթներ կարող է որդեգրել և ոչ ավելին:

«Շատ վատ քաղաքական ավանդույթներ․․․ Եկեք նայենք Ղազախստանին՝ անհիշելի ժամանակներից պետությունը ղեկավարում է Նուրսուլթան Նազարբաևը: Եկեք նայենք Բելառուսին՝ անհիշելի ժամանակներից պետությունը ղեկավարում է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ռուսաստանում պրոցեսները տանում են դեպի դա», - պարզաբանում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG