Մոսկվայի «Զամոսկվորեցկի» դատրանի դատավոր Լարիսա Սեմյոնովան Ռուսաստանի էկոնոմիկայի զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին մեղավոր ճանաչեց «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինից 2 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեջ և նրան դատապարտեց 8 տարվա ազատզրկման՝ խիստ ռեժիմի գաղութում: Դատարանի որոշմամբ՝ Ույլուկաևը նաև խոշոր չափի տուգանք կվճարի: Հիշեցնենք՝ մեղադրող կողմը նրա համար պահանջել էր 10 տարվա ազատազրկում։
Ուլյուկաևի փաստաբաններն արդեն հայտարարել են, որ դատարանի վճիռը բողոքարկելու են Մոսկվայի քաղաքային դատարանում: Ինքը՝ Ուլյուկաևը, հենց դատարանում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ դատավճիռն արդար չի համարում։ Քաղաքագետ Կիրիլ Ռոգովն այս դատավարությունը համեմատում է Խոդորկովսկու գործով երկրորդ դատավարության հետ՝ այն «չափազանց անարդար» գնահատելով: Քաղաքագետի խոսքով՝ նման խիստ դատավճիռը վկայում է Պուտինի մերձավոր շրջապատում ընթացող «լուրջ պայքարի» մասին, որին շարքային ռուսաստանցիներն անտեղյակ են: Ռոգովի կարծիքով՝ «այդ պատերազմում հերթական անգամ հաղթել է Սեչինը»։
Մեղադրող կողմն, ըստ էության, բացի «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի դիմումից, այլ ապացույցներ չէր ներկայացրել: Ինքը՝ Սեչինը հրաժարվել էր գոնե մեկ անգամ դատարանում որպես վկա ցուցմունք տալուց: Սա թերևս Ռուսաստանի նորագույն պատմության ամենաաղմկահարույց դատավարություններից է։ Ոչ միայն այն պատճառով, որ դատում են առանցքային ոլորտ ներկայացնող նախարարին, այլև այն, որ հիմնական վկան՝ Ույուկաևին ճամպրուկով 2 միլիոն դոլար հանձնած մարդը «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը նախագահ Պուտինի ամենամտերիմ թիմակիցն է։
Ըստ «Ֆորբսի»՝ Սեչինն իր ազդեցությամբ Ռուսաստանում երկրորդ մարդն է: Վերջինս հրաժարվել է դատարան գալ «խիստ զբաղված» լիենլու պատճառաբանությամբ։ Ուլյուկաևին մեղավոր են ճանաչել «Բաշնեֆտի» գոծով․ մեղադրող կողմը պնդում էր, որ նա Սեչինից կաշառք է պահանջել «Բաշնեֆտի» գործարքին չխոչընդոտելու համար»: Այդ նույն գործի շրջանակներում ժամանակին ձերբակալվել էր հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
Ալեքսեյ Ուլյուկաևին ձերբակալել էին անցած տարվա նոյեմբերի 15-ին «Ռոսնեֆտի» մոսկովյան գրասենյակում, որտեղ էլ, մեղադրող կողմի պնդմամբ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարարը փորձել է 2 միլիոն դոլարի կաշառքը ստանալ: