Մատչելիության հղումներ

Եղիշե Խերանյան․ Դերասանին պետք է հանդիսատեսի գնահատական, հանդիսատեսին՝ դերասանի նվիրված աշխատանք


Այս տարվա սեպտեմբերից Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց ռեժիսոր, նախկինում երկար տարիներ Հանրային ռադիոյում և Մշակույթի նախարարությունում աշխատած Եղիշե Խերանյանը:

«Ազատության» հետ զրույցում նա փոխանցեց, որ թատրոնի նախորդ տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրացել էր, մրցույթը հայտարարվելու է առաջիկա 6 ամիսների ընթացքում:

Խերանյանն ասաց, որ այս կարճ ժամանակահատվածում հասցրել է ոչ միայն շատ լավ փոխհարաբերություններ ստեղծել թատերախմբի հետ, այլև, ի տարբերություն նախորդ տարիների, երբ այդ թատրոնում այս կամ այն ղեկավարի հետ կապված փոթորիկներ էին սկսվում, այժմ այստեղ լիովին ստեղծագործական մթնոլորտ ու խաղաղություն է տիրում:

Հարցին, թե ինչպես է հաջողվել, Եղիշե Խերանյանն արձագանքեց, որ սա առաջին դեպքը չէ, որ նշանակում է ստանում պաշտոնավարելու կոնֆլիկտային իրավիճակում գտնվող պետական այս կամ այն հաստատությունում․ - «Կա՛մ իմ բնավորությունն է, կա՛մ իմ փորձն է, կա՛մ․․․ չգիտեմ: Ես կարողացել եմ խաղաղեցնել, հաշտեցնել: Հավատացնում եմ, մեզ մոտ հիմա շատ լավ, ստեղծագործական, խաղաղ, համերաշխ աշխատում են՝ հանուն թատրոնի վաղվա լավ օրվա: Եվ դա ինձ շատ ուրախացնում է»:

«Ազատություն»․ - Ի՞նչ է պետք անել հատկապես արվեստի, մշակույթի բնագավառ հաստատություններում, որ իրոք առողջ մթնոլորտ լինի:

Խերանյան․ - Առաջին հերթին պետք է ազնիվ և շիտակ լինել բոլորի հետ: Եվ, իհարկե, պետք է յուրաքանչյուրին անհատական մոտեցում:

«Ազատություն»․ - Հայ հանդիսատեսին այսօր ինչպիսի թատրոն է պետք, ի՞նչ պիեսներ են պետք:

Խերանյան․ - Առաջին հերթին թատրոնը պետք է լինի իրենց հույզերին պատասխան տվողը, կամ պատասխան տվողներից մեկը։ Այսինքն, ես որպես հանդիսատես եթե գալիս եմ թատրոն, ես ոչ միայն ուզում եմ գեղագիտական, գեղարվեստական հաճույք ստանալ կամ վայելել էդ պահերը, բայց ուզում եմ նաև ինձ հուզող որոշ հարցերի պատասխան լսել, խորհուրդ լսել․․․ Կան բեմադրություններ, որ դա լինում է: Ամեն մարդ, գալով թատրոն, կապ չունի՝ Շեքսպիր, անտիկ շրջանի գործ․․․ կապ չունի, նա պիտի գտնի այդ բեմադրության մեջ այսօրվա հարցերի պատասխանը: Գոնե մասամբ: Դերասանին պետք է հանդիսատեսի գնահատական, հանդիսատեսին պետք է դերասանի նվիրված աշխատանք: Երբ որ այս երկուսն էլ լինում է, ամեն ինչ լավ է լինում:

«Ազատություն»․ - Թատրոնի դերասաններ և սերիալներ․ այդ խնդրին ո՞նց եք նայում:

Խերանյան․ - Պետական աշխատավարձերը շատ ցածր են․․․ Դերասանների 99 տոկոսը ստիպված գնում էդ սերիալներ: Իրենք էլ ստեղծագործական առումով որևիցե հաճույք չեն ստանում, բայց ստիպված են լինում: Ես ժամանակին շատ էի դեմ էս երևույթին, բայց քանի գնաց, համոզվեցի, որ լավ օրից չի: Մարդիկ տուն են պահում, պարզ հայերենով ասած՝ տուն են պահում․․․ Տարին ամփոփում ենք բավականին լավ ցուցանիշներով: Այսօրվա դրությամբ արդեն գերակատարել ենք արտաբյուջետային պլանը: Ստեղծագործական ամենակարևոր ձեռքբերումը՝ երկրորդ ամիսն է, մենք սկսել ենք միաժամանակ չորս նոր բեմադրությունների փորձերով: Առաջին պրեմիերան ամանորյա մեր ներկայացումն է, արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն է բեմադրում, պիեսի հեղինակն էլ ինքն է:

«Ազատություն»․ - Ի՞նչն է պատճառը, որ երաժշտական ներկայացումներ քիչ են բեմադրվում:

Խերանյան․ - Մյուզիքլը բավականին բարդ ժանր է: Մյուզիքլը ուզում է շատ լուրջ ծախսեր: Այսօր թատրոնը այդ հնարավորություն չունի ֆինանսական առումով։ Պետությունը այն աջակցությունը չի կարող ցույց տալ, որ կարողանանք բեմադրել, բայց թատրոնը քայլ առ քայլ կհասնի այն իրավիճակին՝ ֆինանսական, տնտեսական, որ նաև գոնե մեկ բեմադրություն եկող տարի իրականացնենք: Եկող տարի մեր թատրոնի հոբելյանական՝ 30-րդ խաղաշրջանն է բացվելու աշնանը: Կարծում եմ և համոզված եմ, որ գոնե մեկ ներկայացում մենք պետք է անենք մեր հանդիսատեսին նվեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG