Մատչելիության հղումներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն․ Այդ գործով աշխատում ենք Հայաստանի իրավապահների հետ


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարում է, որ համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ՝ ԱՄՆ քաղաքացու կողմից Հայաստանում ահաբեկչություն կազմակերպելու գործով հետաքննության շուրջ:

«Մենք այդ գործով աշխատում ենք Հայաստանի իրավապահների հետ: Քննության շահերից ելնելով՝ այս պահին չենք կարող հավելյալ մանրամասներ տրամադրել», - «Ազատությանը» փոխանցեցին ԱՄՆ դեսպանատնից:

Ավելի վաղ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդել էր, որ Հայաստանում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով ԱՄՆ քաղաքացի է հետախուզվում:

Ըստ այդմ` Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ազգությամբ հայ, Միացյալ Նահանգների քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է Martin Avagyan օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը և հրապարակել նյութեր «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:

ԱԱԾ նախնական տվյալների համաձայն, Ռ.Ք.-ն մարդիկ է հավաքագրել, որոնց միջոցով փորձել է ստեղծել հանցավոր խումբ՝ նպատակ ունենալով ապակայունացնել Հայաստանի իրավիճակը, վախի մթնոլորտ ձևավորել, իշխանության վրա ճնշում գործադրել։

Ըստ ԱԱԾ-ի, Martin Avagyan օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջի միջոցով տարածվել են նաև Հայաստանի իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր:

ԱԱԾ-ն հարուցել է քրեական գործ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի և կազմակերպված խմբի կողմից ահաբեկչություն նախապատրաստելու հոդվածներով։ Ռ.Ք․-ն ճանաչվել է մեղադրյալ, նրան կալանավորելու մասին որոշում է կայացվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

«Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկվում են միջոցներ Հայաստանում գտնվող Ռ.Ք.-ի հանցակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Հարցին, թե որն է պատճառը, որ վերջին տարիներին պարբերաբար տարբեր խմբեր են ի հայտ գալիս, որոնք նպատակ են հետապնդում իշխանության վրա ճնշումներ գործադրել, իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց․ - «Համեմատության դաշտում նայեք, մնացած երկրներում․․․ Պատմության մեջ մնալու համար մի հայտարարություն ա արել: Մեկնաբանությունները կտա արդեն ԱԱԾ, երբ որ ամեն ինչ պարզի»:

«Ազատության» հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության վերջին բացահայտմանը, ընդգծեց, թե ահաբեկչական գործողությունների ծրագրեր ունեցող անձինք սովորաբար այդ մասին սոցիալական ցանցերում չեն հայտարարում․ - «Վախ կա իմ մեջ, որ նրանց սկսած բոլոր գործերի նման, սա նույնպես փուչիկի պես կպահթի»:

Իրավապաշտպանը նկատում է, որ ծայրահեղ մտքեր Հայաստանում արտահայտում են շատերը, և՝ ոչ միայն սոցիալական կայքերում: Պատճառը, ըստ Հարությունյանի, իշխանության վարած քաղաքականությունն է: Ասում է՝ ինքը Ֆեյսբուքում 5000 ընկեր ունի, և նրանց մեջ կան մարդիկ, ովքեր հաճախ նման գրառումներ են անում․ - «Եվ ես, չընդունելով էդ գրառումները, վերլուծում եմ դրանք, դեպքից դեպք սկսում եմ խորանալ և մտածել, թե ինչու է էս մարդը, որին կարող է և ճանաչում եմ, նորմալ քաղաքացին սկսում է էդպիսի գրառումներ անել»:

Հարությունյանը հիշատակում է վերջին երկու տարում տարբեր խմբերի գործողությունները՝ «Սասնա ծռերի», Նորքի զինված խմբի դեմ հարուցված քրեական գործերը։ Ասում է, որ իշխանություններից դժգոհող քաղաքացիների թիվը կարող է ավելանալ։

Նա ընդգծեց, որ անընդունելի է համարում ցանկացած արյունալի բախում․ - «Էդ կարգի գրառումներ, էդ կարգի մտքեր ունեցողները գնալով շատանում են երկրում: Նրանք կարող են համախմբվել և «Սասնա ծռեր-1», «Սասնա ծռեր-2», «Սասնա ծռեր-3» խմբավորումներ կարող են առաջանալ: «Սասնա ծռերի» ձերբակալվելուց հետո ես գրել եմ և ասել եմ, որ հույս ունեմ, որ իշխանությունները կվերլուծեն, կփորձեն հասկանալ, թե ինչու դա տեղի ունեցավ, և կփորձեն վերացնել պատճառները: Բայց այսքան ժամանակ է անցել, ես չեմ տեսնում, որ նրանց վերլուծությունը պատճառները վերացնելուն ուղղված լինի: Ընդհակառակը, նրանց վերլուծությունը ուղղված է էդ կարգի մարդկանց վերացնելուն, ոչնչացնելուն, կալանավորելուն, փակելուն կամ լռեցնելուն, որև որևէ դրական արդյունքի բերել չի կարող»:

Իրավապաշտպանը պնդում է, որ իշխանությունը զբաղված է սեփական վերարտադրությամբ, ինչը շատերին ստիպում է դիմել հուսահատ քայլերի։

Նշենք, որ ահաբեկչության դեմ տարվող պայքարը այսօր քննարկվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել «Ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» նախագծին և հանձնարարել կառավարությանը սահմանված կարգով ընթացք տալու դրան:

«Դեռևս 2012 թվականին կառավարության հաստատած միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը կատարելագործման անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների բարձր մակարդակը, ինչպես նաև ահաբեկչության զարգացման և ձևափոխության միտումները, ինչին և միտված է փաստաթղթի նախագիծը»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

ԱԱԾ մամլո խոսնակ Սամսոն Գալստյանն «Ազատությանը» փոխանցեց, որ պաշտոնական հաղորդագրությունից զատ, այլ տեղեկություններ առայժմ չեն հրապարակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG