Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Որևէ լուրջ փաստարկ չեմ լսել ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռացիոնալ չի համարում ԵՏՄ-ից դուրս գալու պահանջը։ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, անդրադառնալով այս հարցին, Սարգսյանը հայտարարեց․ - «Բացարձակապես ռացիոնալ պահանջ չէ. որոշակի շահերին ծառայելու ցանկություն եմ տեսնում կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց։ Որևէ լուրջ փաստարկ չեմ լսել ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է փաստարկներին, թե ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով Հայաստանում ակնկալվում է ապրանքների թանկացում և գնաճ, նախագահը, մասնավորապես, նշեց․ - «Ապրանքների թանկացումը էական ազդեցություն չեն կարող ունենալ, ոչ թռիչքային գնաճի, ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով, ես դա ենթադրաբար չեմ ասում՝ 2015-ին մի քանի 1000 ապրանքների գծով փոխվեցին դրույքաչափերը, չեղավ թռիչքային գնաճ։ Փաստերը չեն կարող ժխտել, այսօր էլ շոշափելի գնաճ չունենք, որոշ ապրանքներ թանկացել են միջազգային շուկայի թանկացումների պատճառով, գնաճը կառավարելի է, հաշվի առնենք այն հանգամանքը, որ բոլորն ասում են՝ աշխատավարձերը չեն բարձրանում, բայց հիմա էլ աշխատավարձի բարձրացման տեմպը ավելի մեծ է, քան գնաճը»։

Խորհրդարանը, հիշեցնենք, հոկտեմբերի 4-ին 7 կողմ, 81 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել էր ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք»-ի նախագիծը: Հանձնաժողովը պետք է քննարկեր Եվրասիական տնտեսական միության օգուտներն ու վնասները:

«Հայեցակարգային առաջարկություն չկար Լավրովի կողմից»

Հայաստան -- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին իր նստավայրում, 21-ը նոյեմբերի, 2017թ․
Հայաստան -- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին իր նստավայրում, 21-ը նոյեմբերի, 2017թ․

Անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացած ղարաբաղյան բանակցային գործընթացին՝ Սերժ Սարգսյանը նշեց․- «Իմ տեսլականը կարգավորման շուրջ․ շփման գծում պետք է հանդարտություն տիրի, զոհերը պետք է բացառվեն, դա կստեղծի որոշակի մթնոլորտ, փոխվստահություն, փոխվստահություն ձեռք բերվում է միայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելիս»։

Վերահաստատելով ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի բազմիցս հնչեցրած դիրքորոշումը՝ նախագահ Սարգսյանը կրկին պնդեց․ - «Պետք է լարվածությունը թուլացնել, մեխանիզմներ ստեղծել, հետո խորանալ փաստաթղթի շուրջ։ Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել։ Այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ համաձայնության։ Կրակոցները միշտ խանգարում են, մարդկային զոհերը միշտ շատ ցավալի են։ Հանդարտ մթնոլորտում պետք է կշռադատել յուրաքանչուր բառը»։

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե նոյեմբերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու և Երևան կատարած այցի ժամանակ ներկայացվել են կարգավորման նոր առաջարկներ՝ այսպես կոչված «Լավրովի պլանը», Սերժ Սարգսյանը հայտարարեց․ - «Երևան այցի ժամանակ որևէ հայեցակարգային առաջարկություն չկար Լավրովի կողմից, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը այնքան հարուստ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ժամանակ միայն ղարաբաղի հարցը չենք քննարկում»։

Հիշեցնենք՝ Կրեմլի նախաձեռնությամբ այս տարվա նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Ապա Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահի հետ զրույցի ընթացքում քննարկվեց նաև ղարաբաղյան հակամարտությունը, սակայն կողմերը մանրամասներ չհայտնեցին։

Այս հանդիպման հենց հաջորդ օրը Բաքու մեկնեց Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Նա ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե անհրաժեշտ է զբաղվել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ: ֊ «Առավել ևս, որ այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է արդյունք արձանագրել, արդեն իսկ ուրվագծվում են», - ասել էր Լավրովը։

Բաքվից Ռուսաստանի արտգործնախարարը ուղևորվեց Երևան, որտեղ, սակայն, իր հայտարարություններից մեկում շեշտեց, թե խնդրի կարգավորման հարցում «չափազանց լավատես չէ»։

Այնուհետև՝ դեկտեմբերի 6-ին, Վիեննայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:

«Շատ առողջ ցանկություն է»

Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, արխիվ
Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, արխիվ

Հարցին՝ արդյոք դեռ չի որոշել, ինչով է զբաղվելու և ինչ գործոններով է պայմանավորված լինելու այդ որոշումը, Սերժ Սարգսյանը, ում պաշտոնավարման երկրորդ ժամկետը լրանում 2018 թվականի ապրիլի 9-ին, պատասխանեց․ - «Իրոք ժամանակը դեռ չի եկել, տարբեր գործոններ կան՝ անձնականից մինչև այլ գործոններ։ Մենք վերջիվերջո իրավունք ունենք որոշելու՝ ես նկատի ունեմ, ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերոջ հետ, թե ով որտեղ կարող է աշխատել»։

2016 թվականի դեկտեմբերին՝ վարչապետի պաշտոնում իր նշանակումից մոտ երեք ամիս անց, Կարեն Կարապետյանը հայտատարել էր, որ եթե իր գլխավորած կառավարությունը արդյունավետ լինի, ապա 2018-ից հետո էլ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում: Այս առնչությամբ, նախագահը Սարգսյանը նշեց․ - «Կարեն Կարապետյանի ցանկությունը շատ լավ ցանկություն է՝ առողջ, տրամաբանված: Ես ընդհանրապես համարում եմ, որ Կարեն Կարապետյանը, որպես վարչապետ, որպես մարդ, մեզ համար շատ ընդունելի և օգտակար անձնավորություն է։ Ես նկատի ունեմ ինձ համար անձնապես, նկատի ունեմ կուսակցության համար։ Այնպես որ, պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել։ Ես Ձեզ նկատի չունեմ, ես փնտրողներին նկատի ունեմ։ Կգա ժամանակը և մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին»։

Լրագրողի հարցին, թե հոգնածություն զգո՞ւմ է կամ զգո՞ւմ է, որ նոր շնչառություն է բացվել, ինքնազգացողությունը իշխանության ներսում ինչպիսի՞ն է, նախագահը պատասխանեց. - «Ինքնազգացողության մասին ես պիտի չասեմ, այլ պիտի ասեն իմ գործընկերները՝ իմ աշխատողունակության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները, հոգնածության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները։ Ես ինձ նորմալ եմ զգում»:

Դիտարկմանը, թե դատելով վերջին ամիսների ծրագրից՝ նման չէ պաշտոնյայի, ով պատրաստ է եզրափակել քաղաքական կարիերան, Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց. - «Բոլոր դեպքերում, ճիշտ ճանապարհը սա է՝ պետք է մինչև վերջին պահը բարեխղճորեն կատարել այն պարտավորությունները, որը դու կամովին ես ստանձնել։ Վերջիվերջո որևէ մեկը ինձ չի պարտադրել մասնակցել նախագահական ընտրություններին և դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Իսկ եթե ես կամովին եմ ստանձնել, ես պատրաստ պետք է լինեմ, և իրոք պատրաստ եմ մինչև վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի՝ որքանով կարող եմ օգտակար լինել և ինչ ոլորտում օգտակար լինել։ Ես սա ասում եմ անկեղծ՝ չեմ սեթևեթում, չեմ ծանրացնում, չեմ թեթևացնում, ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարժվենք առաջ»:

Ճշտող հարցին, թե կշարունակի՞ մնալ քաղաքականության մեջ, նախագահը կարճ պատասխանեց. - «Տեսնենք, տեսնենք»:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության գնահատականին՝ Սերժ Սարգսյանը նշեց․ - «Կարեն Կարապետյանի կառավարության առջև շատ կոնկրետ խնդիր է դրված՝ հասնել արդյունավետ կառավարման։ Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չենք դրել, դա պայմանավորված է ինտեգրացիոն պրոցեսներով, բայց Կարեն Կարապետյանի կառավարությունը ինքն իր առջև է այդ խնդիրը դրել՝ դա 5-6 տոկոս տնտեսական աճն է, դա էլ վատ ցուցանիշ չէ, 5 տոկոսանոց աճը տեսանելի ու շոշափելի կլինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG