Մատչելիության հղումներ

Սաքունցը պահանջում է քրեական գործ հարուցել նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ «պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ծանր հանցագործությունները թաքցնելու և հովանավորչության համար»։

«Նման ձևակերպումները, կամ, մեղմ ասած, արդարացումները, որոնք փորձ են, ընդամենը, Սերժ Սարգսյանին զերծ պահելու հնարավոր քրեական հետապնդումից, հիմքեր չունեն, որովհետև դա ոչ թե մտահոգություն է, այլ փաստերի հիման վրա, որը տիրապետում է Սերժ Սարգսյանը, արտահայտություն է որակումներ են: Որովհետև նա չի ասում, որ ես մտահոգված եմ: Նա չի ասում, որ այսպիսի կասկածներ կան: Այստեղ ուղղակի է ինքը նշում։ Ավելին՝ նշում է, որ ամոթ է, այսինքն ինքը փաստի հիման վրա է, որովհետև ենթադրության կամ մտադրության վրա ամոթ գնահատական չի տրվում», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Արթուր Սաքունցը:

Արթուր Դավթյանին հղած ծավալուն նամակում իրավապաշտպանը հիշատակում է անցած շաբաթ Դիլիջանում նախագահի հանդիպումը տեղական ու տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Միևնույն ժամանակ, նա պահանջում է ուսումնասիրություններ կատարել այն համայնքներում, որոնց ղեկավարները ներկա են եղել այդ հանդիպմանը՝ նրանց աշխատանքին իրավական գնահատական տալու համար։ Հիշեցնեմ՝ իր ելույթում նախագահը համայնքապետերին զգուշացրել էր, որ եթե նրանք շարունակեն, չարաշահելով պաշտոնը, ժողովրդի փողերը տուն տանել, ապա Ամանորից հետո ներում չի լինելու․ - «Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:

Դատախազին նամակ հղած Սաքունցը նշում է՝ նախագահի կողմից ցուցաբերած հովանավորչությունը պարզելուց բացի իրավապահները պետք է քննություն կատարեն չարաշահումներ թույլ տված համայնքներում և նրանց ևս ենթարկեն քրեական պատասխանատվության։ Հակառակ դեպքում, եթե հիմնավորվի, որ համայնքների ղեկավարները անմեղ են, նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվի սուտ մատնության համար․ - «Մեկը՝ Սերժ Սարգսյանի կողմից հայտնած տեղեկություններով քրեական գործի հարուցման հանգամանքը, մյուս կողմից, եթե այդ տվյալները չհիմնավորվեն, որոնց ուղղությամբ պետք է հարցաքննություն, բացատրություն վերցվի Սերժ Սարգսյանից, թե որ համայնքների ղեկավարներին նկատի ունի, որոնք ինքը տիրապետում է, ամենայն հավանականությամբ, և իր իմացած տեղեկատվությունը պետք է հաղորդի Գլխավոր դատախազությանը կամ Հատուկ քննչական ծառայությանը: Իսկ եթե այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը, կամ չկան նման համայնքներ, հետևաբար դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը սուտ մատնություն է կատարել, որը նույնպես քրեորեն հետապնդելի արարք է»:

Իշխող Հանրապետականի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, թե Սերժ Սարգսյանի ելույթը հաղորդում չէ հանցագործության մասին, նախագահն ընդամենը իր մտահոգություններն է հնչեցրել:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Սաքունցի նամակը դեռ չեն ստացել, ստանալուց հետո կտեղեկացնեն ընթացքի մասին։ Արդյո՞ք ուսումնասիրում են նախագահի հայտարարությունը․ այս հարցին էլ պատասխանեցին, թե դատախազությունը ստուգում է բոլոր տեղեկությունները, որոնք պարունակում են առերևույթ հանցագործության մասին տվյալներ։

Նախագահի հայտնի հայտարարությունից հետո, Ֆեյսբուքի իր էջում գլխավոր դատախազությանն ու պետական այլ կառույցներին բաց նամակով էր դիմել ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Արարատի մարզի Նոր կյանք համայնքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել է, որ նախագահի դիրքորոշումների հետ անհնար է չհամաձայնել, և օրինակ բերել իր ղեկավարած գյուղը, որի նախկին ղեկավարը, ըստ նրա, չարաշահումներ է թույլ տվել։ «Ազատության» հետ զրույցում էլ ընդդիմադիր գյուղապետը հարց բարձրացրեց․ իսկ ինչպե՞ս է նախագահը վերաբերվելու տարիներ շարունակ թերացումներ և չարաշահումներ թույլ տված համայնքապետերին․ - «Ի՞նչ է, Դատախազությունը կամ քննչական մարմինները աչք են փակելու դրա վրա՞: Նախագահի խոսքը չպետք է ինքնանպատակ լինի»:

Նոր կյանքի գյուղապետը թերահավատ է, որ Նոր Տարուց հետո օրինախախտները կպատժվեն․ - «Եթե մենք ապրեինք իրոք իրավական երկրում, այս պահին նախագահը պետք է հրավիրված լիներ դատախազություն՝ բացատրություն տալու իր հայտարարության հետ կապված»:

«Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանը, սակայն, կարծում է, որ նախագահի հայտարարություններին իրավապահները հետամուտ չեն լինի․ - «Կարող եմ ասել, որ հիմքեր կան: Գոնե էս մի դեպքը կարելի է ուսումնասիրել: Մնացածների հետ կապված ես փաստեր չունեմ, բայց Նոր կյանքի հետ կապված մենք փաստերը ներկայացրել ենք: Գուցե կհամարեն, որ դա նախադեպ կլինի իսկապես: Եվ եթե նախադեպ լինի, կնշանակի, որ բոլորի դեպքում էլ այս ուսումնասիրությունները կարվեն, կպարզվի, որ բոլոր համայնքապետերը ինչ-որ մեղքեր ունեն, օտարել են համայնքի հողերը կամ ունեցվածքը՝ նվիրաբերելով իրենց և իրենց մերձավորներին: Եվ արդյունքում կստացվի, որ իսկապես պետք է ամբողջ համակարգը նորից կառուցել»:

Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Նոր Կյանքի գյուղապետի երեք բողոքներից երկուսը մերժվել են, մեկով քրեական գործ է հարուցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG