Մատչելիության հղումներ

Գետի ափամերձ հատվածը վերանորոգելու համար ռուսների համաձայնությունը պետք չէ, խնդիրն իրանական կողմի հետ է․ Պաշտոնյա


Հայաստան-Իրան սահմանագծին, արխիվ
Հայաստան-Իրան սահմանագծին, արխիվ

Հայաստանի կառավարության ներկայացուցիչը հավաստիացնում է՝ պաշտոնական փաստաթղթում վրիպակ է տեղ գտել, և կարիք չկա ստանալ ռուսաստանյան սահմանապահ զորամիավորման համաձայնությունը՝ Իրանի հետ սահմանակից Արաքս գետի ափամերձ շուրջ 40 մետրանոց հատվածը վերանորոգելու համար:

Հանրության շրջանում լայն արձագանք գտավ կառավարության այսօրվա նիստին ներկայացված որոշման մի նախագիծ, ըստ որի, Ջրային տնտեսության պետական կոմիտեին թույլատրվում է դադարեցնել «Մեղրու ՃՇՇՁ» ընկերության հետ դեռևս 2017 թ․ ապրիլի 21-ին կնքված պայմանագիրը, որով այդ ընկերությունը պետք է իրականացներ նշված հատվածի վերանորոգման աշխատանքները:

«Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն՝ կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել, և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել»,- գրված է կառավարության այսօրվա որոշման մեջ, որում նաև կարդում ենք․ «Աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»:

Գործադիրի նիստին այս որոշման նախագիծը ներկայացրել էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: «Վրիպակ ա եղել, որովհետև ռուսական կողմը որևէ կապ չունի: Խոսքը գնում է իրանական կողմի մասին: Ռուսական սահմանապահների հետ [միասին] մենք բանակցում ենք իրանական կողմի հետ: Եթե իրանական կողմը համաձայնություն չի տալիս, նշանակում է թելը կտրվում է: Խոսքը գնում է իրանական կողմի հետ բանակցությունների մասին:

Մենք ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք: Ափապաշտպան աշխատանքների արդյուքնում գետի հունը փոխվում է, և իրանական կողմն ունի որոշակի առարկություններ: Այդ հարցը քննարկման փուլում է: Մենք հիմա բանակցում ենք իրանական կողմի հետ, որպեսզի համաձայնությունն ամբողջական լինի և էդ հարցը կարգավորվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Հարությունյանը:

Այն մասին, որ խնդիրն իրանական կողմի հետ է, փաստաթղթում որևէ խոսք չկա, փոխարենը պաշտոնյան շարունակ կրկնում էր․ «Դուք սխալ եք հասկացել, ոչ մի տեղ Ռուսաստանի սահմանապահների մասին խոսք չի գնում: Խնդիրն իրանական կողմի հետ է»:

Հայաստանցի պաշտոնյայի խոսքից նաև պարզ դարձավ, որ իրանական կողմի հետ բանակցություններին մասնակցում է նաև ռուսական կողմը: «Ռուսական կողմի համաձայնությունն ընդհանրապես կապ չունի էս պրոյեկտի հետ: Սահմանապահը ռուսական կողմն ա, դրա համար բանակցությունների ընթացքում պետք է ռուսական կողմի հետ համատեղ բանակցենք Իրանի հետ: Ռուսական կողմը ձայնի իրավունք չունի, որոշում ընդունողը հայկական և իրանական կողմերն են: Նույն թուրքերի հետ հանդիպման ժամանակ ռուսական կողմը միշտ ներկա է լինում, որովհետև ինքն ա սահմանը պահում»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Այսօր այս հարցին անդրադարձան նաև Ազգային ժողովում: «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը պատասխան պահանջեց կառավարությունից: «Սա լրջագույն խնդիր եմ համարում և կարծում եմ՝ կառավարությունը պետք է ինչ-որ ձևով մեկնաբանի, որ հասկանաք՝ ինչու՞ չենք կարողանում կարևորագույն նշանակության այդ սահմանը, այդ հատվածը վերանորոգել և ինչ պետք է անենք, որ այսպիսի կախվածություն չունենանք Ռուսաստանի Դաշնության կոնկրետ զորամասի քմահաճույքներից»,- հայտարարեց Գորգիսյանը:

Կառավարությունն այսօրվա նիստում ևս մեկ ուշագրավ որոշում կայացրեց՝ անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով «Գազպրոմ Արմենիային» հանձնեց Մեղրիում ու Ագարակում գտնվող գազամուղերն ու գազաբաշխիչ սարքերը՝ գրեթե 1,3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով: Թե «Գազպրոմում» երկար տարիներ աշխատած Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունն ինչու որոշեց նման նվեր կատարել ռուսաստանյան մոնոպոլիստին, օրվա ընթացքում չհաջողվեց պարզել․ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից չարձագանքեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG