Մատչելիության հղումներ

«Ելք»-ը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրում Արտակ Զեյնալյանին


Արտակ Զեյնալյան, արխիվ
Արտակ Զեյնալյան, արխիվ

Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը որոշել է նախագահի թեկնածու առաջադրել պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության անդամ, տարիներ շարունակ իրավապաշտպան գործունեություն ծավալած Արտակ Զեյնալյանին: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իրենց որոշումն այսպես բացատրեց՝ չեն պատրաստվում «համակերպվել քաղաքական ստատուս քվոյի հետ»։

«Խնդիրն այն չէ, ոչ միայն այն չէ, թե կոնկրետ մեր առաջադրած թեկնածուն ի վերջո կընտրվի Հանրապետության նախագահ կամ վարչապետ, թե չի ընտրվի: Խնդիրը բոլորովին ուրիշ է: Ինչո՞ւ Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովի նախագահ չընտրվեց՝ մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ձայն են տվել, մեծամասնությամբ ընտրակաշառքով, այնպիսի պատգամավորների, որոնք դեմ են քվեարկել Էդմոն Մարուքյանին և կողմ են քվեարկել Արա Բաբլոյանին: Եվ մարդկանց ուզում ենք ցույց տալ, որ եթե իրենք այլ կերպ քվեարկեին, խորհրդարանական քվեարկությունները կունենային այլ պատկեր: Սա է մեր հիմնական ուղերձը: Մենք չենք պատրաստվում ուղղակի համակերպվել քաղաքական ստատուս քվոյի հետ», - մանրամասնեց ընդդիմադիր գործիչը:

Փոփոխված Սահմանադրությամբ հաջորդ տարվա ապրիլից երկրի առաջին պաշտոնյան ոչ թե նախագահն է լինելու, այլ՝ վարչապետը: Նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ յոթ տարի ժամկետով: Նախագահ կդառնա այն թեկնածուն, որին կհաջողվի ստանալ պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք քառորդը՝ այսինքն 105-ից առնվազն 79-ի ձայները։ Եթե Հանրապետության նախագահ չընտրվի, անցկացվելու է ընտրության երկրորդ, նույնիսկ՝ երրորդ փուլ։ Բայց ընտրություններից առաջ դեռ առաջադրման գործընթաց կա: Այս դեպքում նույնպես շեմ է սահմանված՝ նախագահի թեկնածուին պետք է առաջադրեն առնվազն 27 պատգամավորներ: Ուստի 9 հոգանոց «Ելք»-ին այդ գործում աջակցություն է պետք։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դիմելու է խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ՝ 31 հոգանոց «Ծառուկյան» խմբակցությանը՝ Զեյնալյանի թեկնածության առաջադրման հարցով խորհրդակցություններ անցկացնելու համար․ - «Մենք հույս ունենք, որ «Ծառուկյան» դաշինքի գործընկերները կպաշտպանեն այս դիրքորոշումը»:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց՝ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը սատարել - չսատարելու վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն քննարկումների ավարտից հետո: «Ազատության» հարցին՝ խմբակցությունը առանձին թեկնածուով հանդես գալու ծրագրեր ունի՞, Էնֆիաջյանը պատասխանեց․ - «Մենք առայժմ մեր օրակարգում նման հարց չենք ներառել և չենք քննարկել: Երբ որ կներառենք կամ չենք ներառի, և կքննարկենք առհասարակ նման ձևակերպումների հետ կապված մեր մոտեցումները, մենք, բնականաբար, ևս կհրապարակենք»:

Իշխանական կոալիցիայի անդամ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, նկատի ունենալով նախագահի պաշտոնում Զեյնալյանի ընտրությունը, ասաց՝ «Ելք»-ի նախաձեռնությունը չի կարող հաջողությամբ պսակվել․ - «Բանակցությունները թող հաջողությամբ ավարտվեն «Ծառուկյան» դաշինքի հետ, բայց Դուք տեղյակ եք՝ Սահմանադրությունն ունի որոշակի պահանջներ նախագահի ընտրության հետ կապված: Եթե չեմ սխալվում՝ առաջին քվեարկության ժամանակ ձայների երեք քառորդ, այնուհետև՝ աստիճանաբար իջնում է: Բայց իրենց իրավունքն է, ակնհայտ է, որ այդ նախաձեռնությունները չեն կարող, վերջին հաշվով, հաջողության հասնել, բայց քաղաքական պայքար է, ներկայացում է՝ թող առաջադրեն»:

Դաշնակցությունը, ըստ Վարդանյանի, Հանրապետության նախագահի թեկնածության հարց չի քննարկել: Որքան տեղյակ եմ, ասաց պատգամավորը, Հանրապետականը՝ նույնպես: Բացառեց, սակայն, որ, առաջադրվելու դեպքում, իշխող կոալիցիան կարող է պաշտպանել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը․ - «Որովհետև եթե կա քաղաքական մեծամասնություն և կոալիցիոն համաձայնագիր, իսկ այդ համաձայնագիրը առաջիկա հինգ տարիների համար է գործում, միշտ վստահ եղեք, որ մենք և մեր գործընկեր կուսակցությունը կգտնենք համապատասխան թեկնածու, որը կբավարարի այդ պաշտոնին ներկայացնող պայմանները ավելի, քան պարոն Զեյնալյանը»:

Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցինք՝ եթե, այնուամենայնիվ, իշխանությունը որոշի «Ելք»-ին զիջել այս պաշտոնը, ինչպե՞ս են պատկերացնում ընդդիմադիր նախագահի աշխատանքը, եթե երկրի ղեկը, միևնույն է, Հանրապետականի ձեռքում է։ Այդ դեպքում ընդդիմադիր «Ելք»-ին արդյո՞ք չեն մեղադրի իշխանության մաս դառնալու մեջ:

«Հանրապետության նախագահը նոր Սահմանադրության տեքստով պետք է իրականացնի ամբողջ քաղաքական համակարգի և, մասնավորապես, իշխող քաղաքական համակարգի հակակշռի դերը, որպեսզի ապահովի Սահմանադրության կիրարկումը և, այսպես ասած, քաղաքական հավասար դաշտի ապահովումը: Այս Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը ոչ միայն Կառավարության հետ այսպես ասած՝ թիմային կապեր չունի, այլև իր գործառույթը հենց անհրաժեշտության դեպքում հակակշռելն է Կառավարությանը և խորհրդարանական մեծամասնությանը: Այդ դերի համար Արտակ Զեյնալյանը իրոք շատ հարմար թեկնածու է», - պատասխանեց Փաշինյանը:

Նախագահի հերթական ընտրությունը, Սահմանադրության համաձայն, անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Սերժ Սարգսյանի լիազորությունները ավարտվում են ապրիլի 9-ին, դա նշանակում է, որ Խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, նոր նախագահ կընտրի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG