Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը կոչ է արել ՄԱԿ-ին՝ իսրայելապաղեստինյան խաղաղության գործընթացում հաջողության հասնելու համար Միացյալ Նահանգներին փոխարինել այլ միջնորդով: Այս հայտարարությունը հնչել է երեկ Ստամբուլում «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտահերթ գագաթաժողովի ժամանակ:
Պաղեստինի առաջնորդն ասել է, որ պաղեստինցիները շոկ են ապրել, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք՝ հակադարձելով ամերիկյան տասնյակ տարիների քաղաքականությանը։
«Այն ժամանակ, երբ մենք տարիներ շարունակ զբաղված ենք խաղաղության գործընթացով, Թրամփը ապտակ է հասցնում այդ ամենին: Մենք այլևս չենք հանդուրժի, որ Միացյալ Նահանգները միջնորդ լինեն քաղաքական այս գործընթացում»,- ասել է Աբբասը:
Իր խոսքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը «օկուպացված Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստինի մայրաքաղաք»: «Երուսաղեմը կարմիր գիծ է մահմեդականների համար և նրանք թույլ չեն տա որևէ ագրեսիա իսլամական սուրբ վայրերի նկատմամբ», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել է, թե պաշտոնապես ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հանձնարարել է Պետդեպարտամենտին սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախապատրաստական աշխատանքները:
Թրամփի այս հայտարարությունն աննախադեպ լարվածություն է առաջացրել Մերձավոր Արևելքում և արժանացել տարածաշրջանի երկրների կոշտ քննադատությանը։