Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները ԵՄ դեսպանին հորդորում են Ղուկասյանի հարցով «ազդել» ՀՀ իշխանությունների վրա


Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ
Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ

Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն հորդորում են ազդեցություն գործադրել Հայաստանի իշխանությունների վրա՝ ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։

Հայտարարության մեջ 7 հասարակական կազմակերպություններ մի շարք փաստեր են թվարկում, դրանց հիմա վրա պնդելով, որ այդ գործը պարզապես խայտառակություն է, և ակնհայտ է, որ այն քաղաքական դրդապատճառներ ունի։ Հայտարարությանը միացած՝ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ակնկալում են, որ ԵՄ-ի միջամտության արդյունքում Անդրիաս Ղուկասյանը ազատ կարձակվի։

«Հիմք ունի այն պայմանագիրը, որը ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև, և որով Հայաստանը լրացուցիչ պարտավորություններ ստանձնեց մարդու իրավունքների և դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցում: Այս իմաստով՝ մենք դիմում ենք մեր եվրոպական գործընկերներին, հանձինս Սվիտալսկիի, որպեսզի որոշակի միջոցներ ձեռնարկեն, իրենց մասնակցությունն ունենան, ազդեցություն գործադրեն, որ Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվի»,- ասաց Խուրշուդյանը:

Նրա խոսքով՝ սա լավ օրինակ կարող է լինել, և Հայաստանի քաղաքացին սրանով կզգա Եվրամիության հետ կնքված նոր համաձայնագրով ու համագործակցությամբ պայմանավորված դրական փոփոխությունները․ «Կա պայմանագիր, կան պարտավորություններ, պետք է [ԵՄ-ն] հետամուտ լինի, որ այդ պարտավորությունները կատարվեն նաև էս մասով»:

Մեկ տարուց ավելի անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանը, ըստ մեղադրանքի, անցյալ տարի հուլիսի 29-ին Սարի թաղում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, հորդորել է քարերով հարվածել ոստիկաններին, ինչի հետևանքով տուժել է մոտ 4 տասնյակ ոստիկան։ Զանգվածային անկարգություններ կազմակերպելուց բացի, ըստ մեղադրանքի, Ղուկասյանը Ազատության հրապարակից երթով դեպի Սարի թաղ շարժվելով՝ նպատակ է ունեցել միանալ ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին: Ղուկասյանը չի ընդունում այդ մեղադրանքները։

Նրա հետ նույն օրը բերման էին ենթարկվել նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանի համակիր Դավիթ Հովհաննիսյանը և Հովսեփ Խուրշուդյանը, որոնց ներկայացվել են համանման մեղադրանքներ։ Խուրշուդյանն ասաց, որ չգիտի, թե ինչու Ղուկասյանին ազատ չեն արձակում, հավելելով՝ իր համար ակնհայտ է, որ այս գործն ապօրինի է և Ղուկասյանը պետք է ազատ արձակվի։

Հայտարարությանը միացած՝ լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն էլ ասաց, որ Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին չեն լսում, այդ պատճառով էլ դիմել են դոնորներին: Ըստ նրա, հնարավոր է, որ ֆինանսական կախվածության պատճառով Հայաստանի իշխանությունները լսեն Եվրամիության հորդորն ու դադարեցնեն քրեական հետապնդումը։

«Ակնկալում ենք, որ Եվրամիությունը կսկսի Հայաստանին վերաբերվել որպես իսկապես գործընկերոջ, ոչ թե որպես մեկի, որին պարտավոր է ընդամենը սնուցել, պահանջներ ներկայացնել ու աչքաթող անել պահանջները: Չի կարելի մի երկրի համարել Եվրամիության գործընկեր, որտեղ քաղբանտարկյալներ կան: Ես Եվրամիությունից ավելի լուրջ վերաբերմունք եմ ակնկալում»,- ասաց Բարսեղյանը:

Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը հույս ունի, որ Եվրամիության հետ նոր համաձայնագրի արդյունքում Հայաստանի իշխանությունները կվերանայեն իրականությունն ու «մեղմացումների կգնան»: Նա հիշեցրեց, որ գործը գտնվում է նաև Եվրոպական դատարանում։ «Առաջ տանելով անօրինական մեղադրանքները, դա Հայաստանը շատ լուրջ հարցի առջև է կանգնեցնելու, որովհետև Եվրոպական դատարանը Անդրիասի գործն ընդունելով՝ դա ոչ թե որպես սովորական է ընդունել, այլ ընդունել է 18-րդ հոդվածով և արագացված կարգով: Այդ հոդվածով 1956 թվականից սկսած ընդամենը 5-6 գործ է ընդունվել»,- «Ազատությանն» ասաց Անահիտ Թարխանյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում Ղուկասյանի գործով արդեն մոտ հինգ ամիս ընթացող դատական նիստերին՝ Թարխանյանը հիշեցրեց՝ այս ողջ ընթացքում ընդամենը 10 վկա է հարցքննվել, մինչդեռ վկաները 105-ն են, այսինքն՝ գործը կարող է մի քանի տարի տևել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG