2016-ի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ ամերիկացի դեմոկրատները կարողանում են լուրջ ընտրական հաղթանակ տոնել, այն էլ՝ մի նահանգում, որը հայտնի է Հանրապետականների օգտին քվեարկելու արմատացած ավանդույթներով:
Խոսքն Ալաբամա նահանգի մասին է, որտեղ երեկ Սենատի արտահերթ ընտրություններ կայացան: ԱՄՆ Սենատում Ալաբամայի ներկայացուցչի տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո այս նահանգից ընտրված սենատոր Ջեֆ Սեշնզը նշանակվել էր Արդարաատության նախարարի պաշտոնում:
Քարոզարշավի սկզբում թվում էր, թե հանրապետականները, ինչպես և նախորդ 25 տարիներին, առանց լուրջ դժվարությունների կկարողանան պահպանել Սենատում Ալաբամային հատկացված տեղը: Քարոզարշավի ընթացքում, սակայն, հանրապետականների առաջադրած թեկնածու Ռոյ Մորի վարկանիշը սկսեց անշեղորեն նվազել: Դրա գլխավոր պատճառը նրա անվան շուրջ մեկը մյուսի հետևից ծագող սկանդալներն էին: Նախ մի խումբ կանայք հանդես եկան բացահայտումերով` պնդելով, որ տարիներ առաջ Մորի կողմից ենթարկվել են սեռական ոտնձգությունների: Այս մասին առաջինը գրեց ամերիկյան ամենաազդեցիկ պարբերականներից մեկը` Washington Post-ը` արժանանալով Մորի կոշտ հակազդեցությանը:
«Washington Post-ը հանդես է եկել մի շարք կոպիտ և կեղծ մեղադրանքներով, որոնք ես վճռականորեն հերքել եմ և հերքում եմ: Այդ մեղադրանքները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև զուրկ են որևէ ապացուցողական հիմքից», -հայտարարել է հանրապետական թեկնածուն:
Քվեարկության արդյունքները վկայեցին, որ քարոզարշավի ընթացքում Մորի որդեգրած մարտավարությունը ևս այդքան էլ արդյունավետ չէր: Խոսքը, մասնավորաբար, նրա էքսցենտրիկ և սկանդալային պահելաձևի մասին է:
«Իմ հակառակորդների կողմից ներկայացվող քարոզչական հոլովակներում ասվում է, թե ես դեմ եմ ամերիկյան սահմանադրության երկրորդ լրացմանը: Ես կողմ եմ երկրորդ լրացմանը», -նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել է Մորը` գրպանից ատրճանակ հանելով:
Հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգների սահմանադրության երկրորդ լրացումը երաշխավորում է երկրի բնակիչների ազատորեն զենք կրելու իրավունքը:
Ալաբամայում առաջադրված Ռոյ Մորին չօգնեցին ո՛չ հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի` Ազգային հանրապետական կոմիտեի շռայլ հանգանակությունները, ո՛չ էլ նախագահ Թրամփի անվերապահ աջակցությունը:
«Վեր կացեք, գնացեք և ընտրեք Ռոյ Մորին: Արեք դա», - հայտարարում էր Թրամփը Մորի քարոզարշավն ամփոփող հանրահավաքներից մեկում:
Թրամփը համոզված էր, որ իր կուսակիցը կկարողանա լուրջ հաղթել ընտրություններում` «դառնալով նախագահի վստահելի դաշնակիցը Սենատում»:
Ընտրությունների օրը ևս Ռոյ Մորը շարունակում էր իր քայլերով զարմացնել ընտրազանգվածին` թերևս հույս ունենալով, որ կկարողանա գրավել Ալաբամայի դեռևս չկողմնորոշված ընտրողների համակրանքը: Ընտրական տեղամաս, օրինակ, քվեարկելու Ռոյ Մորը գերադասեց գնալ ոչ թե մեքենայով, այլ ձիով:
Երեկոյան կողմ, սակայն, երբ փակվեցին ընտրատեղամասերի դռները, և մեկնարկեց քվեների հաշվարկը, պարզ դարձավ, որ քվեների շատ փոքր տարբերությամբ դեմոկրատ թեկնածու Դագ Ջոնսին հաջողվել է հաղթել Մորին: Տպավորությունն այնպիսին էր, որ ամենաշատն այս հաղթանակը զարմացրել էր հենց դեմոկրատ թեկնածուին:
«Անկեղծորեն խոստովանում եմ` ես ուղղակի ցնցված եմ: Մենք պետք է հասկանանք, որ Ալաբաման նախկինում յուրատեսակ խաչմերուկ է հանդիսացել, և մենք, որպես կանոն, գտնվելով այդ խաչմերուկում, ընտրել ենք սխալ ճանապարհը: Այսօր երեկոյան, տիկնայք և պարոնայք, դուք ընտրեցիք ճիշտ ուղին», - հայտարարում էր դեմոկրատ թեկնածուն:
Ալաբամայում տեղի ունեցած ընտրություններից հետո Սենատում ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոփոխությունների չի ենթարկվում, բայցևայնպես, ամերիկյան լրատվամիջոցների գնահատմամբ, Դոնալդ Թրամփին ավելի դժվար կլինի ստանալ սենատորների աջակցությունը: Երեկ կայացած ընտրություններից հետո 100 տեղանոց Սենատում ներկայացված հանրապետականների թիվը կնվազի` հասնելով 51-ի: