Առայժմ, սակայն, թե՚ մեր երկրում, թե՛ ամբողջ աշխարհում գրահրատարակչություններն իրենց կարևոր դերն ունեն գիրքն ընթերցողին հասցնելու համար:
Հայաստանում տարիներ շարունակ պետբյուջեից շատ հրատարակչություններ են ֆինանսավորվել և բազմաթիվ գրքեր հրատարակել: Այս տարվանից արդեն Մշակույթի նախարարությունը նորամուծություն մտցրեց այս ոլորտում՝ հայ ժամանակակից գրականությունը տպելու համար կֆինանսավորվեն միայն այն հրատարակչությունները, որոնք կընտրվեն ամենամյա Երևանյան գրքի փառատոնի շրջանակներում իրականացվող մրցույթում հաղթած հեղինակների կողմից:
Թե դա ինչ չափով կօժանդակի հրատարակչություններին, որոնցից շատերը հենց պետության աջակցությամբ էին գոյատևում, ցույց կտա ժամանակը: Բայց նույնիսկ այն հրատարակչությունները, որոնք ոչ միայն պետական աջակցությամբ, այլև սեփական ներդրումներով լուրջ ձեռք բերումներ են գրանցել, օրինակ, «Անտարեսը», պարզվում է, որ շատ բարդ իրավիճակում են գտնվում:
«Ազատության» հետ զրույցում «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե դրա պատճառը տնտեսական անկումն է, որը կարող է հաղթահարվել միայն ղարաբաղյան հարցի կարգավորմամբ և հայ-թուրքական սահմանի բացմամբ․ - «Տարին այնքան ծանր սկսվեց, որ մենք որոշել էին սեպտեմբերին փակել մեր հրատարակչական ծրագրերը: Որովհետև անկումը այնքան մեծ էր, որ մենք չէինք կարողանում աշխատավարձ վճարել և այլն»:
Մարտիրոսյանի համոզմամբ, դա պայմանավորված է երկրում տիրող իրավիճակով․ - «Հետո ամառը կարողացանք մի քիչ շտկենք: Որոշեցինք, որ սեպտեմբերի 1-ին ծրագրերը չենք փակի, մինչև հունվար մենք կդիմանանք, կփորձենք դիմանալ․․․ Երևի մինչև ապրիլի 9-նն էլ ձգենք»:
«Գիրք չեն կարդում», - շարունակեց նա: - «Քառասունութ մարդ ա մի գրքից կարդում, միջին թիվն ա․․ Երբ սկսում էին այս ծրագրերը, առնվազն երկու անգամ ավելի շատ հայաստանցի կար, էն ժամանակ իշխանությունը սենց հակակրթական ծրագրեր չէր վարում, ոնց որ հիմա: 26 տարի ոչ մի համայնքային գրադարան չի համալրվել: Իշխանությունը տանում ա նենց մի ծրագիր, որ Հայաստանում մնան մենակ մարդիկ, ովքեր իրենց կարծիքի համար չեն պայքարի: «Անտարեսը» չի կարա Հայաստանը փոխի»:
Հարցին, թե այս ընթացքում արդյոք հրատարակչություններ փակվել են, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց․ - «Փրինթ ինֆոն» ծրագրերը կրճատել ա, հասցրել ա տարին մեկ-երկու գիրք, իսկ դա մեր ամենակոթողային հրատարակչությունն ա ամբողջ պատմության ընթացքում: Այդքան կարևոր, կոթողային գրքեր, որ «Փրինթ ինֆոն» ա թարգմանել «Սարգիս Խաչենցի» հետ, ոչ մեկը չի արել: Ու էդ հզոր, կարևոր մշակութային սալը կորչում է Հայաստանում: Մեր խնդիրն էն ա, որ մենք սարի ծերին շրջապատված ենք մենակ մեզնով: Հենց որ մեր սահմանները բացվեց, սաղ կփոխվի Հայաստանում: Երբ որ սահմանը բացվեց, մենք Վրաստանից ավելի հետաքրքիր վիճակում կհայտնվենք»:
Ինչ վերաբերում է գրահրատարակչության ոլորտին պետական աջակցությանը, ապա Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ շատ լուրջ աջակցություն կլինի պետության կողմից, եթե Մշակույթի նախարարությունը սկսի համալրել գրադարանները նոր հրատարակված գրքերի որոշակի տպաքանակ գնելով՝ կշահեն թե՛ ընթերցողները, թե՛ գրողները և թե՛ գրահրատարակիչները: