Կողմ էր իշխող կոալիցիան, ընդդիմությունը՝ «Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկեցին:
Ըստ գործող օրենքի, Կառավարության վերցրած պարտքը չպետք է գերազանցի երկրի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը: Օրենքն արգելում է Կառավարությանը նոր վարկ վերցնել, եթե այդ վարկով պետական պարտքը կգերազանցի տնտեսության ՀՆԱ-ի 60 տոկոսը:
Այսօր առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը թեև չի բարձրացնում 60 տոկոսի շեմը, սակայն վերացնում է այն գերազանցելու սահմանափակումը: Նոր պարտք վերցնելու դեպքում, սակայն, Կառավարությունը պետք է հստակ ծրագիր ներկայացնի, թե ինչպես է հետագայում պարտքի բեռը նվազեցնելու և թույլատրելիի սահմաններում պահելու: Iսկ վերցրած վարկերը պետք է ծախսի միայն այնպիսի ծրագրերի վրա, որոնք կնպաստեն տնտեսական աճին:
Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ փոփոխությունները անընդունելի են․ առանց այդ էլ մյուս տարի արդեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա 2200 դոլարի պարտք է ծանրանալու․ - «Այս նախագծի նպատակը մեկն է՝ հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք: Սա անընդունելի է: Երեկ այստեղ տասը անգամ նույն հարցին, թե ինչպես են ծախսվել պարտքերը, Կառավարության ներկայացուցիչը ինչի մասին ասես խոսեց, մնում էր օպերայի խաղացանկը հրապարակեր, հրաժարվեց պատասխանել այդ հարցին»:
Արդեն վերցված վարկերի արդյունավետության մասին Ֆինանսների նախարարին երեկվա քննարկման ժամանակ հարցեր ուղղեցին թե՛ «Ելք», թե՛ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները:
Միքայել Մելքումյանին («Ծառուկյան») Ֆինանսների նախարարի պատասխանը չգոհացրեց և նա փորձեց ավելի կոնկրետ պատասխան ստանալ․ - «Արդյունավետ ծախսվե՞լ է, թե՞ ոչ: Ասեք՝ այո կամ ոչ»:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն արձագանքեց․ - «Հարցի պատասխանը հետևյալն է․ միջազգային կառույցները իրենց կողմից տրամադրված վարկերի վերաբերյալ ունենում են նաև արդյունքային ցուցանիշները: Այն բոլոր վարկային ծրագրերը, որոնք որ, Ձեր ասած, արարդյունավետ են, դրանք ընկնում են սև ցուցակի մեջ․․․ Հայաստանը համարվում է որպես լավագույն ցուցանիշներ ունեցող երկիր»:
Արամյանը երեկ տեղի ունեցած քննարկումների ժամանակ նշել էր, որ Կառավարության պարտքը այս տարի կկազմի ՀՆԱ-ի 55 տոկոսը, իսկ հաջորդ տարի այդ հարաբերակցությունը կիջեցնեն 1 տոկոսով:
Իսկ օրինագիծը պարտքի հետ կապված խնդիրներ չի հարուցի․ - «Այդ մասը հանում ենք, իմպերատիվ չասի՝ 60 տոկոսը անցավ, ուրեմն վերջ, ուղղակի որևէ բան դու չես կարող անել: Այսինքն, ճանապարհը սարքեցիր, ընդամենը մեկ կիլոմետր է մնացել, որ ավարտին հասցնես․․․ էնպես չլինի, որ ասի՝ վերջ, ոչ մի բանի էլ ձեռ չտաս: Պրոբլեմային ա, մենք մինչև վերջ պետք է հասցնենք, որպեսզի տնտեսական ենթակառուցվածքներս աշխատեն, տնտեսությանս օգուտ տան, որ ես կարողանամ կանխիկ հոսքեր ձևավորեմ և արդյունավետ իմ պարտքը կառավարեմ»:
Ուշագրավ է, որ հանելով Կառավարության պարտքի թույլատրելի սահմանաչափը խախտելու արգելքը, այսօր խորհդրարանը նույն արտահերթ նիստի ընթացքում հավանության արժանացրեց Ասիական զարգացման բանկին 40 միլիոն դոլարի բյուջետային նոր վարկ վերցնելու օրինագծին:
Արտահերթ նիստում քննարկվեցին և ընդունվեցին նաև ծավալուն այլ օրինագծեր, ասենք՝ «Ընտանեկան բռնության դեմ» օրինագիծը կամ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:
Պատգամավորները քննարկումներից առաջ դժգոհեցին կառավարության այս գործելաոճից:
«Այսպես չի կարելի: Հանգիստ ընթացակարգով բերեք քննարկենք, մանրամասն հասկանանք ինչ ա կատարվում, ինչ ա փոխվում․․․ Դաստաներով էս օրենքները գալիս են վերջին օրերին, մտնում են խորհրդարան: Ինչի՞ ա վերջում գալիս: Ես չեմ հասկանում», - տարակուսեց Էդմոն Մարուքյանը («Ելք»):
Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2016 թվականին կազմել է 10.55 միլիարդ դոլար, իսկ Հայաստանի ողջ պետական պարտքը այժմ 6.4 միլիարդ է կազմում, այսինքն՝ ավելին է քան 60 տոկոսը: Սակայն Հայաստանը դեֆոլտի մեջ չէ՝ շնորհիվ դեռ երկու տարի առաջ կատարված օրենսդրական փոփոխությունների․ 2015-ին, դարձյալ արտահերթ նիստում ընդունված օրինագիծը հաշվարկներից դուրս թողեց Կենտրոնական բանկի վերցրած վարկերը:
Եթե մինչ այդ օրենքի սահմանափակումները գործում էին ողջ պետական պարտքի համար, որը Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքերի հանրագումարն է, փոփոխություններից հետո օրենսդրական սահմանափակումները սկսեցին գործել միայն Կառավարության պարտքի համար, որը այս տարվա նոյեմբերի դրությամբ կազմել է մոտ 5.8 միլիարդ դոլար, կամ՝ ՀՆԱ 55 տոկոսը:
Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, «Պետական պարտքի մասին» գործող օրենքն արդեն իսկ խախտվում է: Բացի ՀՆԱ 60 տոկոսը չհատելու սահմանափակումից, օրենքը նաև սահմանում է, որ եթե Կառավարության պարտքը արդեն հատել է համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի վերջին երեք տարիների միջինացված համախառն ներքին արդյունքի երեք տոկոսը:
Ըստ տնտեսագետի, Կառավարութան պարտքը հատել է 50 տոկոսի շեմը, իսկ միջինացված պակասուրդը երեք տոկոսից ավելի է․ - «Ես հիմա կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ գործող օրենքի, դեֆորլտի վիճակում ա»: